Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Էջմիածինը հայտարարությամբ շեշտել է՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Մի քանի օր է, ինչ ահազանգ է հնչում՝ Ստեփանակերտի Մայր տաճարն ավերվել է: «Ազատությունը» նախօրեին ներկայացրել էր արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում են՝ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ հիմա արդեն՝ ոչ: Եկեղեցու տեղում հիմա դատարկ տարածք է:

Մայր Աթոռը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը անհետացումից բացի, նշել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և հարակից տարածքում գտնվող խաչքարերի ու կոթողների ոչնչացման մասին:

Ըստ Էջմիածնի՝ պետական մակարդակով իրագործվող «այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել», իսկ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները Եկեղեցին կասկածելի է համարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է արել ՀՀ կառավարության ղեկավարին, որը մեկ տարի է պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, և իշխանություններին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միզազգային քննարկումների առարկա կդառնա: Նրա խոսքով՝ այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող թիմի ներկայացուցիչ Էլնարա Ախիմովան «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ավելի վաղ ասել էր, թե իբր «Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք»: Ադրբեջանցի խորհրդարանականը Ստեփանակերտի մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է՝ դա դեռ պիտի ճշտվի:

«Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում», - նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG