Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ Հայաստանի իշխանությունների «մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ընդգծում է, որ թեև տեղի է ունենում կարևոր իրադարձություն, սակայն շեշտում է՝ ընտրություններից առաջ նման միջոցառումները իշխանությունների կողմից «ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն»:

«Ներքաղաքական լարված մթնոլորտում, համապետական ընտրություններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանությունների կողմից անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն, իսկ եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում»,- ասված է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հայտարարությունում։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նշում է, որ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, «սակայն Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը»։

«Ցավով արձանագրում ենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»,- ասված է դաշինքի տարածած հայտարարությունում:

Նշվում է, որ ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ներքաղաքական նպատակներով շահագործումից: Քոչարյանի գլխավորած ուժը Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին կոչ է անում «ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ, հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը, այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը»:


XS
SM
MD
LG