Խորհրդարանական ընտրություններից օրեր անց Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները զինված մտել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններ ու ստուգումներ արել:
«Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, զինված հարկայինը, ՊԵԿ-ի չգիտեմ՝ որ ստորաբաժանումն է զենքերով, մտել են ամեն տեղ», - ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Պետական կառույցը հաղորդագրություն չի տարածել: Այսօր լրագրողներին պատմել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրա կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի արծաթյա զարդերի խանութներն էլ են ստուգել: Իսկ ի՞նչ են հայտնաբերել:
«Ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում», - ասաց նա:
Ի՞նչ էր փնտրում ՊԵԿ-ը Քոչարյանների բիզնեսներում: Լրատվականից մեր հարցին չպատասխանեցին, հորդորեցին գրավոր դիմել: Քննչական կոմիտեից ասացին, որ վարույթ չկա: Այսինքն ստուգումներից հետո այս պահի դրությամբ քրեական գործ չի հարուցվել: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդի ընտանիքին պատկանող բիզնեսները ինչո՞ւ են ստուգել արտակարգ ռեժիմով՝ զինված: Ի՞նչ կասկածների հետքերով են գնացել, ի՞նչ են փնտրել ընդհուպ զարդերի խանութներում զինված աշխատակիցները, ՊԵԿ-ի լրատվականից «Ազատության» այս հարցին դեռ չեն արձագանքել:
Գործադիրի ղեկավարը նախընտրական փուլում էր սպառնում իր հիմնական մրցակիցներին՝ գործարարներ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ընտրություններից հետո իրավապահները գործի անցան: Ծառուկյանը ազատությունից զրկվեց, նրա ձեռնարկությունները խուզարկեցին ու կապարակնքեցին, քրեական գործեր են հարուցվել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի բիզնեսներից երեքը պետության կառավարմանն են անցել:
Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ ընտրություններին հաջորդած այդ գործողությունները վախեցնելու նպատակով են. «Այս ամեն ինչը մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում, բայց հսկա ճնշում կա, իհարկե: Այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելն ինչ-որ արտոնություն չի, հաճույք չի»:
Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ էլ քրեական վարույթ հարուցվեց՝ պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով: Երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշման համար:
Փաշինյանն ու նրա թիմակիցները երկրորդ նախագահին ու նրա ընտանիքին մեղադրում են թալանի համար: Դատարանը դեռ քննում է նրանց պատկանող մոտ 200 միլիոն դոլարի գույքի ծագումը: Գլխավոր դատախազությունը համարում է, որ բռնագանձման ենթակա է 20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան մեկուկես միլիոն դոլարի ներդրումներ, ավանդներ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ։ Արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա:
Հայաստանը 10 տարի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել էր, թե հիմնական ունեցվածքը նախագահությունից հետո է ձեռք բերել, չէր ժխտել, որ դրան նպաստել են նաև իր կապերը: