Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով որոշումը վարչական դատարանը կհրապարակի վաղը, հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդը խնդրել է անվավեր ճանաչել իրեն մեղադրանք առաջադրելու համաձայնության մասին ԿԸՀ որոշումը:
Հենց անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունից հետո Քոչարյանին հնարավոր եղավ մեղադրանք առաջադրել, ըստ փաստաբանի, նրա նախագահության շրջանի մի դրվագով, որը 22 տարվա վաղեմություն ունի:
Վահագն Հովակիմյանի գլխավորած հանձնաժողովից այսօրվա նիստին մասնակից չի եղել: Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատմեց, որ ԿԸՀ-ն բավարարվել է գրավոր դիրքորոշումով՝ խնդրելով գործը քննել իր բացակայությամբ: Մինչդեռ դիմող կողմը հայցադիմումի հիմքում հենց ԿԸՀ որոշումն է դրել՝ պնդելով, որ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համաձայնությունը պատճառաբանված չէ:
Որպես երրորդ կողմ է ներգրավվել դատախազությունը, որն էլ ԿԸՀ էր տարել անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով, տեղեկությունը փոխանցած փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ քննիչը երկրից չբացակայելու արգելք է կիրառել:
Բայց Քոչարյանի ելքը երկրից ԱԱԾ-ն մինչ այդ էր արգելել, երբ նախկին նախագահը մեղադրյալ էր միայն մեկ՝ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով, իսկ դրա շրջանակում բացակայելու արգելք չկար: 10 օր է նախկին նախագահի փաստաբանը չի կարողանում ստանալ հարցի պատասխանը՝ ի՞նչ հիմքով:
«Հետո ԱԱԾ-ի ձայնագրությունը հայտնվեց կոնկրետ լրատվամիջոցի մոտ, հետո այդ լրատվամիջոցի հետ ուղիղ կապ ունեցող մարդն ասաց՝ «ԱԱԾ-ի նյութերն են, ում ուզում է՝ տալիս է», ինչը հակասում է Սահմանադրության կարգավորումներին, մեկ էլ հաջորդ օրը սա տեղի ունեցավ», - հավելեց փաստաբանը:
Քոչարյանի նոր մեղադրանքի մասին. Գործը, ըստ փաստաբանի, 2018-ին է հարուցվել ու վերաբերում է 22 տարի առաջվա Քոչարյանի վավերացրած կառավարության մի որոշման, որով վարձակալության է տրվել տարածք: Այդտեղ հետագայում «Մաստեր կլաս» թենիսի ակումբն է կառուցվել, որտեղ արդեն հոր նախագահությունից հետո Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, բաժնեմաս է գնել: Փաստաբանի խոսքով՝ իրավապահները կարծում են, որ որոշման վավերացումը հեռահար նպատակով է եղել: Օրբելյանը պնդում է՝ կապը չեն կարողացել ապացուցել:
Գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը մանրամասներ չի հայտնել, ուստի «Ազատությունը» նրանց հիմնավորումներին ծանոթանալու հնարավորություն չունի:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պնդում է՝ գործով վաղեմության ժամկետն անցել է, դատարանում կարծում է՝ նախկին նախագահն արդարացվելու է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն հարվածի տա՞կ, երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում, այդ սպառնալիքներն անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ ու բելառուսամետ օլիգարխ», - Փաշինյանի այս ու քաղաքական հակառակորդներին վերաբերող նմանատիպ այլ հայտարարությունների ֆոնին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը փաստաբան Արամ Օրբելյանը քաղաքական է համարում:
Իշխանությունները հերքում են քաղաքական որևէ դրդապատճառ՝ պնդելով, որ օրենք խախտողները պետք է պատասխան տան: