Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի. դատարանը վարույթ է ընդունել երկրորդ նախագահի հայցադիմումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու ԿԸՀ որոշումը:

Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը:

«Գործը ուղղակի աբսուրդային է և կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ: Ուղղակի շատ արագ, սենց, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ իմ վրա որևէ քրեական գործ չկար, հետո մեկ օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա», - երեկ հայտարարում էր Քոչարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս շաբաթ բավարարեց Գլխավոր դատախազության դիմումը և համաձայնեց, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քրեական վարույթ հարուցվի: Ռոբերտ Քոչարյանին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

22 տարվա վաղեմության գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Բայց իրավապահները մինչև հիմա մանրամասներ չեն հայտնել:

Պաշտպանական կողմն էլ պնդում է, որ նոր մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է, և եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին նախագահին, նա չի ազատազրկվի:

«Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ Կառավարության որոշումը, վերջ», - նշում էր Քոչարյանը:

Գործից որոշ մանրամասներ օրերս բացահայտել էր նախկին նախագահի փաստաբանը: Արամ Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանն իր նախագահության ժամանակ վավերացրել է Կառավարության մի որոշում, որով հետագայում «Մաստեր կլաս» թենիսի տարածքն օտարվել է, այդ թվում նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

«Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել բավականին մեծ գումար վճարելով, մեծ՝ ի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին, և ինչ-որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ», - նշել էր Օրբելյանը՝ պնդելով. - «Համապատասխանաբար, այս գործընթացում որևէ կրիմինալ չկա: Երբ որ մենք դիտարկենք, ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, կասեն՝ 12 միլիոն դրամով գնել են մի միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը»։

Նախկին նախագահը երեկ պնդում էր՝ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամներն անօրինական ոչինչ չեն արել. - «Իրականում դա այն ժամանակվա Կառավարության երևի ամենից լավ որոշումն էր, որովհետև այդ որոշման շնորհիվ փրկվեց թենիսի զարգացման հանգամանքը ընդհանրապես: Հակառակ դեպքում՝ այդ տարածքում երևի մի չորս-հինգ 20-հարկանի շենք կկառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը»:

Երկրորդ նախագահը, վկայակոչելով նախկին Սահմանադրությունը, պնդում էր՝ այն ժամանակ նախագահը պարտավոր էր վավերացնել Կառավարության բոլոր որոշումները, այլընտրանք չկար: Իսկ Հակակոռուպցիոնի քննիչը, որը նրան է ներկայացրել այս նոր մեղադրանքը, պնդել է, թե նախագահը հաստատել է այդ որոշումը և ըստ էության՝ դրանով ճանապարհ է բացել հետագայում այդ տարածքը օտարելուն:

«Քննիչի հետ խոսալուց, ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ բա՝ «Դուք հաստատել եք որոշումը»: Նախագահը չի հաստատում Կառավարության որոշումները, նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջ էր՝ վավերացնում է: Սա նշանակում է մեկ բան՝ դու կապ չունես բովանդակության հետ, դու վավերացնում ես, որ դա իսկապես Կառավարության որոշումն է, և վավերացնում ես, որ դա հրապարակվի», - ասում էր երկրորդ նախագահը:

Քոչարյանն օրերս փորձեց դուրս գալ Հայաստանից, բայց հենց սահմանային անցման կետում նրան հայտնել էին, թե ելքը փակ է: Սովորաբար նման սահմանափակում է լինում, երբ քաղաքացին ունի մեղադրյալի կարգավիճակ և բացակայելու արգելք: Այդ պահին, սակայն, Քոչարյանը մեղադրվում էր միայն մեկ գործով՝ «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների վարույթով, որի շրջանակում ելքի արգելք չունի: Նրան սահմանից վերադարձնելուց հետո Գլխավոր դատախազությունը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստացավ համաձայնություն և նոր միայն մեղադրանք առաջադրեց:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG