Մատչելիության հղումներ

Գերմանիան, Նիդերլանդները հրաժեշտ տվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ - Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը Գերմանիայի ընտրանու նկատմամբ, Բոսթոն, 29-ը հունիսի, 2026թ.
ԱՄՆ - Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը Գերմանիայի ընտրանու նկատմամբ, Բոսթոն, 29-ը հունիսի, 2026թ.

Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը:

Մրցաշարի 1/16 եզրափակիչում Գերմանիայի ընտրանին երկուշաբթի օրը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Պարագվայի հավաքականին: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Առաջնությունն ավարտվեց նաև Նիդերլանդների հավաքականի համար, որը, նույնպես հետխաղյա 11-մետրանոցներով, զիջեց Մարոկկոյի թիմին: Այս խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում ևս ոչ-ոքի՝ 1:1 հաշիվն էր գրանցվել:

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, դժվարությամբ հաղթելով Ճապոնիայի ընտրանուն, անցավ 1/8 եզրափակիչ: Խաղի հաշիվը բացեցին ճապոնացիները, բրազիլացիները նախ վերականգնեցին հավասարակշռությունը, ապա հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփեցին հաղթական գնդակը:

Նախորդ օրը Կանադայի հավաքականն էր ապահովել իր մասնակցությունը 1/8-ին՝ 1:0 հաշվով առավելության հասնելով Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու նկատմամբ:

Այսօր նախատեսված են 1/16 եզրափակիչի Կոտ դ'Իվուար-Նորվեգիա, Ֆրանսիա-Շվեդիա, Մեքսիկա-Էկվադոր հանդիպումները:

1/8 եզրափակիչի խաղերը կանցկացվեն հուլիսի 4-8-ը:

Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG