Մատչելիության հղումներ

Իրանը՝ Մեքսիկայում, ուզբեկները՝ պատմական դեբյուտով, անվտանգության խիստ միջոցառումներ․ մեկնարկում է Մունդիալ-2026-ը

Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 21:30-ին Մեխիկոյի Ացտեկա մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի պատմության ամենախոշոր աշխարհի առաջնության բացման արարողությունը: Ընդ որում, սա միակ միջոցառումը չէ. բացման արարողություն կանցկացվի նաև խաղերն ընդունող մյուս երկու երկրներում՝ Կանադայում և Միացյալ Նահանգներում:

Մեխիկոյում բացման արարողությունից հետո Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի առաջին հանդիպումը՝ Մեքսիկայի հավաքականը կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու հետ: Առաջին անգամ մրցաշարին մասնակցում է 48 ազգային հավաքական ու 1248 ֆուտբոլիստ, երեք երկրներում նախատեսված է 104 հանդիպում անցկացնել:

Նոր կանոններ

Այս աշխարհի առաջնության հանդիպումների ընթացքում մրցավարները նոր կանոններ կկիրառեն. սահմանափակվում է, ինչպես նշում են, ժամանակ ձգելու հնարավորությունը, եզրային նետումների ու դարպասից հարվածների համար 5 վայրկյան են հատկացնելու, եթե ուշացնեն, գնդակը կարող է մրցակցին անցնել: Այլ փոփոխություններ նույնպես կան:

4 հավաքական Աշխարհի առաջնությանը մասնակցում է առաջին անգամ: Փոքրաթիվ բնակիչներ ունեցող Կապե Վերդեյի, Կուրասաոյի ընտրանիներն ու Հորդանանի և Ուզբեկստանի հավաքականները: Ուզբեկստանը հետխորհրդային երկրների շարքում միակն է, որը մասնակցում է Մունդիալին: Նախագահ Շավքատ Միրզիյոևն անցած տարի հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին հենց Տաշքենդի մարզադաշտում էլեկտրական ավտոմեքենաներ նվիրեց:

Անվտանգության խիստ միջոցառումներ

Ուզբեկստանի ընտրանին Աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի Մեխիկոյում՝ մրցելով Կոլումբիայի հավաքականի հետ: Մինչ այդ նրանք օրերս Նյու Յորքում ընկերական հանդիպում անցկացրին Նիդերլանդների ընտրանու հետ, հանդիպմանն ընդառաջ կադրեր տարածվեցին, թե ինչպես են թիմի անդամներին անվտանգության աշխատակիցները ստուգում, իսկ նրանց պայուսակներից շներն էին հոտ քաշում:

Ընտրանու գլխավոր մարզիչ իտալացի Ֆաբիո Կաննավարոն ասաց, որ միայն իրենց հանդեպ են այսպիսի գործողություն իրականացրել, նրա խոսքով.- «Նրանք ինձ ասացին, որ կանոններն են այդպիսին, վերջում պարզվեց միայն մեզ համար էր»:

Ֆուտբոլիստներից մեկն էլ արձագանքեց.- «Ինձ համար սա առաջին անգամ էր, երբեք չէի մասնակցել խաղի, որից առաջ ստուգում են իմ պայուսակը: Լավ, եթե Ամերիկայի համար սա նորմալ է, ուրեմն լավ, խնդիր չէ»:

Աշխարհի այս առաջնությունն առանձնանում է ոչ միայն մարզական տեսանկյունից. աղմկահարույց պատմություններից շատերը Միացյալ Նահանգների ճամփորդական խիստ սահմանափակումներով են պայմանավորված:

Օմար Արթանը
Օմար Արթանը

Սոմալիից մրցավար Օմար Արթանը, որն աֆրիկյան մայրցամաքում 2025 թվականի լավագույնն է ճանաչվել Մայամիի օդանավակայանից դուրս գալ չի կարողացել, նրան արգելել են մտնել Միացյալ Նահանգներ, Արթանն արդեն հայրենիքում է, որտեղ վրդովված են կատարվածից ու հայրենակցին ջերմ դիմավորեցին:

Միացյալ Նահանգներ գնալ չեն կարողանում նաև ֆուտբոլային տոնին մասնակցել ցանկացողները, հազարավոր երկրպագուներ նույնպես արգելքի են բախվում. Արգենտինայում, օրինակ, էլեկտրոնիկա վաճառող ընկերություններից մեկը որոշել է վիզա չստացած արգենտինացիներին հեռուստացույց նվիրել:

Իրանի ֆուտբոլի հավաքականի անդամները՝ Մեքսիկա մեկնելուց առաջ
Իրանի ֆուտբոլի հավաքականի անդամները՝ Մեքսիկա մեկնելուց առաջ

Միացյալ Նահանգների՝ Իրանին հասցրած նոր հարվածների ու աճող լարվածությանը զուգահեռ, ուշադրության կենտրոնում է Իրանի ազգային հավաքականը: Նրանք ազատ ճամփորդել չեն կարող ու թեև ընտրանու Աշխարհի առաջնության խմբային փուլի երեք հանդիպումներն էլ Միացյալ Նահանգներում են անցկացվելու, թիմն այժմ Մեքսիկայում է: Խաղերին մասնակցելու համար նրանք պետք է մեկնեն Միացյալ Նահանգներ յուրաքանչյուր հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ, ապա խաղից հետո լքեն երկիրը և այսպես երեք անգամ: Սա առաջին անգամ է, երբ Աշխարհի առաջնությունն անցկացնող երկիրն ընդունելու է մի երկրի հավաքականի, որի հետ պատերազմի մեջ է: Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է՝ Նախագահ Դոնալդ Թրամփին է պետք շնորհակալ լինել: «Նախագահ Թրամփի առատաձեռնության շնորհիվ Իրանի հավաքականը կկարողանա ժամանել նրանց հանդիպումներից մեկ օր առաջ»,- ասված է Հայրենիքի անվտանգության քարտուղարության տարածած հաղորդագրությունում:

Ըստ Թեհրանի՝ թեև բոլոր ֆուտբոլիստները վիզաներ ստացել են, սակայն ֆեդերացիայի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ թիմի մենեջերը, երկու վերլուծաբաններ, մամուլի պատասխանատուն ու արտաքին գործերի նախարարության մեկ ներկայացուցիչ Միացյալ Նահանգներ մուտք գործել չեն կարող:

Իրանի հավաքականն այժմ Տիխուանայում է, նրանց ողջունել ու աջակցել են մեքսիկացի մի խումբ երկրպագուներ:

Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Մեքսիկա են մեկնել 168 թիվը ցույց տվող կրծքանշանով, Միացյալ Նահանգների Մինաբի օրիորդաց դպրոցին հարվածի հետևանքով՝ ըստ Թեհրանի 168 մարդ էր սպանվել, ավելի քան հարյուր երեխաներ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG