Մատչելիության հղումներ

Գերմանացիները բողոքում են Սաքսոնիայում հաղթած ուժի դեմ. կհաջողվի՞ «Այլընտրանքին» կոալիցիա կազմել

Գերմանիա -  «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակի դեմ բողոքի ցույցը Բեռլինում, 7-ը սեպտեմբերի, 2026թ.
Գերմանիա - «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակի դեմ բողոքի ցույցը Բեռլինում, 7-ը սեպտեմբերի, 2026թ.

Բեռլինում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով երկրի ամենաաղքատ երկրամասի՝ Սաքսոնիա-Անհալթի տեղական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո:

Ակցիայի մասնակիցները քննարկել են ուղիները, թե ինչպես արձագանքել այս ուժի հաղթանակին գերմանական երկրամասում, որտեղ տեղական իշխանությունները մեծ ինքնավարություն ունեն և ի թիվս այլնի վերահսկում են ոստիկանությունը և կրթական համակարգը։

Հաղթած ուժը՝ «սպառնալիք»

Ցուցարարներից մեկն ասել է, թե կուսակցության ներկայացրած վտանգն այնքան մեծ է, որ նույնիսկ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամները պետք է գիտակցեն, որ նման ուժերի դեմ պայքարն է երկիրը «ֆաշիզմից փրկելու միակ միջոցը»։

«Մենք անպայման պետք է դարձի բերենք այս ուժին ընտրողներին։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել, եթե միաժամանակ թույլ ենք տալիս նրանց պետական ֆինանսավորմամբ քարոզչություն տարածել», - ասել է ցույցի մասնակիցը։

CAMPACT արշավի ղեկավար Քրիստոֆ Բաուցը կարծիք է հայտնել, որ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի գրանցած արդյունքը նաև արտացոլում է այս դաշնային կառավարության գործունեությունը։

«Կանցլեր Մերցն այլևս չի առաջնորդում. նա իր խնայողական միջոցառումներով երկիրը քայքայում է, չի կարողանում իրականացնել սոցիալական արդար բարեփոխումներ, և դա շատերին է զայրացրել», - ասել է նա։

Հաղթանակ և հնարավոր կոալիցիա

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է ձայների գրեթե 44 տոկոսը և 39 մանդատ կստանա Սաքսոնիա-Անհալթի նոր խորհրդարանում, որը բնակչության թվով Գերմանիայի ամենափոքր երկրամասն է՝ 2.1 մլն բնակիչ ունի:

Սակայն իշխանություն կազմելու համար անհրաժեշտ է ևս երեք մանդատ, և կուսակցությունը ստիպված կլինի կոալիցիա կազմել: Մինչդեռ խորհրդարան անցած չորս հին կուսակցություններից և ոչ մեկը չի ցանկանում համագործակցել: Միակ հնարավոր թեկնածուն Սառա Վագենկնեխտի ձախակողմյան Ազգային-ժողովրդական միությունն է, որն ստացել է հինգ մանդատ:

Երկու ուժերն էլ միակարծիք են շատ հարցերում. պահանջում են վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, վերսկսել ռուսական գազի գնումը, իսկ Վագենկնեխտը նաև առաջ է մղում Ուկրաինայում ռուսամետ խաղաղության ծրագիրը։ «Այլընտրանք»-ն ուղիղ չի դատապարտում Մոսկվայի գործողությունները, իսկ նրա անդամները պահպանում են կապերը ռուս գործընկերների հետ և պարբերաբար այցելում են Ռուսաստան:

Սաքսոնիա-Անհալթում Ազգային-ժողովրդական միության մասնաճյուղի ղեկավար Կլաուդիա Վիտտիգը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել «Այլընտրանք»-ի հետ, որի կենտրոնական ղեկավարությունը ևս բաց է այս դաշինքը կնքելու համար: Սակայն, ինչպես նշում է գերմանական մամուլը, «Այլընտրանք»-ի ցուցակի առաջատար Ուլրիխ Զիգմունդը, որը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի հաջորդ ամենահավանական ղեկավարն է, շատ սառն է վերաբերվում այս հեռանկարին։ Նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, սական չի հրաժարվի նախընտրական խոստումներից։

Նախընտրական 10 խոստում

Իսկ դրանցից 10-ը Զիգմունդն առաջնային է համարում և մտադիր է իրագործել պաշտոնավարման առաջին 100 օրում: 35-ամյա նախկին օծանելիք վաճառողը մտադիր է փոփոխել հանրային հեռարձակման ոլորտը՝ համարելով, որ այն կողմնակալ է և ուռճացված աշխատակազմ ունի:

Նա նաև մտադիր է հանրային բոլոր շենքերի վրա տեղադրել գերմանական դրոշը և սկսել «Մտածիր գերմաներեն» արշավը՝ ուղղված ազգային հպարտության վերածնմանը: Նա նաև ցանկանում է փոխել հետպատերազմական քաղաքական մշակույթը, որը, ըստ նրա, մեծ շեշտադրում է անում նացիստական Գերմանիայի հանցագործությունների հիշողության վրա։

Զիգմունդը նաև խոստանում է պաշտոնավարման առաջին իսկ օրը արտաքսել ապօրինի ներգաղթյալներին, դադարեցնել քաղաքական հիմնադրամների ֆինանսավորումը հարկատուների գումարներից, կրճատել նախարարությունների թիվը, հետաքննել, թե ինչպես է երկրամասն արձագանքել կորոնավիրուսի համավարակին:

Գերմանիան բարեփոխումների կարիք ունի

Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե այս ուժի հաղթանակը ցույց տվեց, որ երկրում խորը բարեփոխումներ են անհրաժեշտ: Ֆրիդրիխ Մերցը, սակայն, վստահեցրել է՝ գործող ինստիտուտները դիմակայուն են և կապահովեն երկրում ժողովրդավարական հիմնարար արժեքների պահպանումը:

«Այս ուղերձը նաև ուղղված է մեր բարեկամներին Եվրոպայում և ողջ աշխարհում։ Գիտենք, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի իր պատմության պատճառով։ Մենք միշտ կպահպանենք մեր քաղաքական համակարգը և ամուր արմատները Եվրոպայում», - ասել է նա։

Մերցը շեշտել է՝ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, և պետք է ընդունեն ընտրությունների արդյունքները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG