Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դեմ՝ Սաքսոնիա-Անհալթում կայացած տարածաշրջանային ընտրություններում նրա հաղթանակից հետո։
Ցուցարարները սեպտեմբերի 7-ի երեկոյան հավաքվել են Բրանդենբուրգյան դարպասների մոտ։ Բեռլինի ոստիկանության գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 5 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչներից Campact-ը մասնակիցների թիվը 14 հազար է գնահատել։
AfD-ն արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ստացել է ձայների գրեթե 44 տոկոսը՝ առաջ անցնելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU)։ Շուրջ 2,1 միլիոն բնակիչ ունեցող երկրամասում ապրում է Գերմանիայի բնակչության մոտ 2,5 տոկոսը։
Մերցը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներից «խորապես ցնցված է», սակայն խոստացել է շարունակել իր կառավարության նախատեսած բարեփոխումները։
Գերմանիայում ևս երկու տարածաշրջանային ընտրություն է սպասվում սեպտեմբերի 20-ին՝ Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում։
Սաքսոնիա-Անհալթում AfD-ի հաղթանակին տարբեր արձագանքներ են հնչել նաև Գերմանիայի սահմաններից դուրս։ Կուսակցության հաջողությունը ողջունել է, մասնավորապես, Իլոն Մասկը։
Բողոքի ցույցեր Բեռլինում՝ Սաքսոնիա-Անհալթում ծայրահեղ աջերի հաղթանակից հետո