Գերմանիայի արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն չի ստացել միայնակ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Վերջնական տվյալներով՝ AfD-ն հավաքել է ձայների 43,8 տոկոսը՝ գրեթե կրկնապատկելով հինգ տարի առաջ ստացած արդյունքը։ Երկրամասային խորհրդարանում կուսակցությունը կունենա 83 մանդատից 39-ը․ մեծամասնություն ունենալու համար նրան ևս երեք մանդատ է պակասում։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ծանր պարտություն է կրել՝ ստանալով ընդամենը 17,2 տոկոս և կորցնելով նախորդ ընտրությունների համեմատ իր աջակցության մոտ կեսը։ Սոցիալ-դեմոկրատները ստացել են 9,3, Կանաչները՝ 8,9, Ձախ կուսակցությունը՝ 8,6 տոկոս։
AfD-ի վարչապետի թեկնածու Ուլրիխ Զիգմունդը հայտարարել է, որ կուսակցությունը «պատմություն է կերտել»։ AfD-ն ընտրություններում ձգտում էր բացարձակ մեծամասնություն ստանալ և միայնակ կառավարություն ձևավորել՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում երկրամասային իշխանություն գլխավորող առաջին ծայրահեղ աջ ուժը։ Սակայն կուսակցությանը մի քանի մանդատ չբավարարեց բացարձակ մեծամասնության համար։
Մյուս հիմնական կուսակցությունները մինչ այժմ հրաժարվել են AfD-ի հետ համագործակցությունից։ Քրիստոնեա-դեմոկրատներն ընտրություններից հետո ևս հայտարարել են, որ չեն պատրաստվում փոխել այդ դիրքորոշումը։ Այս պայմաններում դեռ պարզ չէ, թե Սաքսոնիա-Անհալթում ինչպես և որ ուժերը կկարողանան կայուն կառավարություն ձևավորել։
Ընտրություններին մասնակցությունը ռեկորդային՝ 76,5 տոկոս է եղել։