Մատչելիության հղումներ

Ֆուտբոլասերների ստորագրահավաք՝ Ինֆանտինոյի հրաժարականի պահանջով

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինո, արխիվ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինո, արխիվ

Աշխարհի տարբեր երկրներում ֆուտբոլասերների խմբերը ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից և կազմակերպության համապարփակ բարեփոխում։

«Մեկ անձի՝ հենց ՖԻՖԱ-ի նախագահի կողմից աշխարհի առաջնությունը մասնավոր ներդրողներին վաճառելու ամոթալի փորձը բացահայտեց դավաճանություն, որը ֆուտբոլը երբեք չի մոռանա», - ասված է ֆուտբոլասերների կազմակերպությունների անունից տարածված հայտարարությունում։

ՖԻՖԱ-ն հուլիսի վերջին ներկայացրել էր նոր նախաձեռնություն, որով առաջարկվում էր ստեղծել առևտրային կառույց՝ FIFA Forward Enterprise (FFE), և մասնավոր ներդրողներին վաճառել դրա բաժնեմասը։ Սակայն նախաձեռնությունը բախվեց կոշտ դիմադրության։

Երեք մայրցամաքային կոնֆեդերացիաներ անցած շաբաթ բաց նամակով Ինֆանտինոյին մեղադրել էին «խաբեության» մեջ՝ ծրագրի մշակման և ներկայացման եղանակի հետ կապված։ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, պնդում է ՖԻՖԱ-ի միջոցառումները բոյկոտելու մտադրությունը՝ հայտարարելով, որ «կորցրել է վստահությունը» Ինֆանտինոյի ղեկավարման նկատմամբ։

Ֆուտբոլասերների կազմակերպությունները մասնավոր ներդրումների ծրագիրը համարում են «վերջին կաթիլը» ՖԻՖԱ-ի՝ Եվրոպական Սուպերլիգայի շուրջ քննարկումներում ներգրավվածության և այս տարվա աշխարհի առաջնության տոմսերի գնային քաղաքականության հետ կապված դժգոհությունների ֆոնին։

«ՖԻՖԱ-ի հեղինակության և ֆուտբոլի ապագայի համար նա պետք է հրաժարական տա», - պնդում են ֆուտբոլասերները:

Ստորագրահավաքը նաև պահանջում է բարեփոխել հենց ՖԻՖԱ-ն, այդ թվում՝ պաշտոնապես ներգրավել երկրպագուներին և ֆուտբոլի մյուս առանցքային շահագրգիռ կողմերին մարզաձևի ապագային վերաբերող որոշումների կայացման գործընթացում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG