Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրաժարվել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը մասնավոր ներդրողների վաճառելու ծրագրերից, հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Ուշադրությամբ լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք եզրակացության, որ նախագիծն այնպիսի բնույթի տարաձայնություններ է հարուցել, որոնք, անկախ աջակցության մակարդակից, այլևս չեմ համապատասխանում սկզբնապես առաջադրված նպատակի շահերին», - հայտարարել է Ինֆանտինոն:
Հուլիսի վերջին Ինֆանտինոն հայտարարել էր FIFA Forward Enterprise ընկերություն ստեղծելու ծրագրերի մասին, որին նախատեսվում էր փոխանցել ՖԻՖԱ-ի գլխավոր մրցաշարերի առևտրային և օպերացիոն գործառույթները: Այդ կառույցի շուրջ 20 տոկոսը նախատեսվում էր վաճառել մասնավոր ներդրողներին:
Պոտենցիալ ներդրողների թվում էր Thrive Eternal ընկերությունը, որի հիմնադիրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայր Ջոշուա Քուշներն է:
Այդ ծրագրերը ֆուտբոլի բազմաթիվ ազգային ֆեդերացիաների քննադատությունը հարուցեցին, իսկ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն որոշեց բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, եթե կազմակերպությունը չհրաժարվի իր պլաններից: Նման հայտարարությամբ հանդես եկան նաև Եվրոպայի առաջատար ֆուտբոլային ակումբները: