Մատչելիության հղումներ

«Ինֆանտինոն պետք է հեռանա». Լուիշ Ֆիգուն միացել է ՖԻՖԱ-ի նախագահ հասցեին հնչող քննադատություններին

Ջաննի Ինֆանտինոն, արխիվ
Ջաննի Ինֆանտինոն, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի նախկին լավագույն խաղացող Լուիշ Ֆիգուն միացել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հասցեին հնչող քննադատություններին և պահանջել նրա հեռացումը՝ ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության մասնավոր ներդրումների ծրագրի շուրջ առաջացած սկանդալի ֆոնին։

«Ես կարող էի 10 հազար բառ գրել ՖԻՖԱ-ում առկա խնդիրների մասին։ Բայց լուծումը պահանջում է ընդամենը երեք բառ՝ Ինֆանտինոն պետք է հեռանա»,- բրիտանական Daily Mail թերթի հոդվածում գրել է Պորտուգալիայի ֆուտբոլի լեգենդը։

«Ես ամբողջ կյանքում սիրել եմ ֆուտբոլը։ Ես 20 տարի եղել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Եվ հավատացեք՝ իմ կարիերայի ընթացքում հանդիպել եմ աշխարհի բազմաթիվ կասկածելի մարդկանց։ Բայց այն, ինչ ես տեսա վերջին 10 օրերի ընթացքում, ամենացածր, ամենաշահադիտական վարքն էր, որ երբևէ տեսել եմ», - նշել է Ֆիգուն։

Ֆիգուի հոդվածը հրապարակվել է այն նույն օրը, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի ղեկավարներին հրավիրել է Մարոկկո՝ արտակարգ հանդիպման։ Հանդիպումը կապված է մեծ արձագանք առաջացրած ներդրումային ծրագրի հետ, որը ՖԻՖԱ-ն ներկայացրել էր անցած շաբաթ երեքշաբթի, իսկ շաբաթ վաղ առավոտյան հրաժարվել էր դրանից՝ քննադատությունների ալիքից հետո։

ՖԻՖԱ-ն 2026 թվականի հուլիսի վերջին ներկայացրել էր նոր նախաձեռնություն, որով առաջարկվում էր ստեղծել առևտրային կառույց՝ FIFA Forward Enterprise (FFE), և մասնավոր ներդրողներին վաճառել դրա բաժնեմասը։ Սակայն նախաձեռնությունը բախվեց կոշտ դիմադրության։

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) այն որակեց որպես «կուլիսային և ոչ թափանցիկ գործարք» և հայտարարեց, որ կորցրել է վստահությունը ՖԻՖԱ-ի ղեկավարության նկատմամբ։ Ծրագիրը քննադատեցին նաև մի շարք ազգային ֆեդերացիաներ և մայրցամաքային կոնֆեդերացիաներ։
Քննադատությունների ալիքից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն օգոստոսի 2-ին հայտարարեց, որ հրաժարվում է նախաձեռնությունից։

Այդուհանդերձ, սկանդալը շարունակվեց․ նրա հրաժարականի պահանջներով հանդես եկան ինչպես ֆուտբոլային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ, այդ թվում՝ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։

Ֆիգուն, որը ժամանակին աջակցել էր Ինֆանտինոյին, իր հոդվածում գրել է․ «Ինֆանտինոն նսեմացրել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, որը խոստացել էր բարձրացնել։ Նա ստել է, մոլորեցրել է մարդկանց և փորձել է իր անձնական շահերն ապահովել այն խաղի հաշվին, որին պետք է ծառայի։ Արդեն ուշ է նրա արժանապատվությունը փրկելու համար, բայց դեռ ուշ չէ ֆուտբոլը փրկելու համար։ Նա պետք է հեռանա։ Հիմա»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG