ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կրկին քննադատության թիրախում է հայտնվել։ Երեք կոնֆեդերացիաներ՝ ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը և ԱՖԿ-ն, համատեղ նամակում հայտարարել են՝ ֆուտբոլը «ոչ մի անհատի սեփականությունը չէ»։
«Ֆուտբոլում ղեկավարությունը սեփականություն չէ։ Խոսքը իշխանությունը ձեռքերում պահելու կամ այն պահպանելու պահանջ ներկայացնելու մասին չէ», - գրված է համատեղ նամակում։
«Երբ վստահությունը խախտվում է խաբեության միջոցով, երբ որևէ անհատ իրեն վեր է դասում այն հավաքականից, որն իրեն լիազորել է, նշանակում է՝ նա հրաժարվել է իրեն վստահված պարտականությունից», - հավելել են կոնֆեդերացիաները։
ՖԻՖԱ-ն հուլիսի վերջին ներկայացրել էր նոր նախաձեռնություն, որով առաջարկվում էր ստեղծել առևտրային կառույց՝ FIFA Forward Enterprise (FFE), և մասնավոր ներդրողներին վաճառել դրա բաժնեմասը։ Սակայն նախաձեռնությունը բախվեց կոշտ դիմադրության։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) այն որակեց որպես «կուլիսային և ոչ թափանցիկ գործարք» և հայտարարեց, որ կորցրել է վստահությունը ՖԻՖԱ-ի ղեկավարության նկատմամբ։ Ծրագիրը քննադատեցին նաև մի շարք ազգային ֆեդերացիաներ և մայրցամաքային կոնֆեդերացիաներ։
Քննադատությունների ալիքից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց, որ հրաժարվում է նախաձեռնությունից։ Այդուհանդերձ, սկանդալը շարունակվեց․ նրա հրաժարականի պահանջներով հանդես եկան ինչպես ֆուտբոլային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ, այդ թվում՝ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։