Նախօրեին Լոնդոնում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ սատարում են հրադադարի նպատակով Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների անցկացման առաջարկը՝ ընդգծելով, որ Եվրոպան դերակատարություն կունենա այդ գործընթացում, գրում է Reuters-ը։
Համատեղ հայտարարությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել են պատերազմին վերջ դնելու Զելենսկիի կոչը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության առաջարկը՝ ամերիկյան և եվրոպական ակտիվ ներգրավմամբ։
«Առաջնորդները ողջունել են պատերազմն ավարտելու նախագահ Զելենսկիի կոչը, որը բանակցված կլինի դիվանագիտական ճանապարհով, ինչպես նշվում է [Ռուսաստանի] նախագահին ուղղված նրա նամակում», - ասված է հայտարարությունում։
Օրեր առաջ Զելենսկին բաց նամակ էր հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ բանակցություններ վարել։ Պուտինն անձամբ էր արձագանքել՝ նշելով, որ Զելենսկիին հանդիպելու պատճառ ներկայումյիս չի տեսնում։
Եվրոպացի առաջնորդները և Զելենսկին հստակեցրել են «արդար և տևական» խաղաղության պայմանները, առաջին հերթին՝ անհապաղ և անվերապահ հրադադարը։
Առաջնորդների խոսքով՝ շփման ներկայիս գիծը պետք է բանակցությունների մեկնակետը լինի, և Ուկրաինան պետք է իրավաբանական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքներ ստանա՝ ներառյալ բազմազգ ուժերի տեղակայումը։ Ինչ վերաբերում է ռուսական ակտիվներին՝ դրանք սառեցված կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չփոխհատուցի Ուկրաինային պատերազմում կրած վնասների համար։
Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարներն ընդգծել են նաև, որ եվրոպական անվտանգային շահերը պետք է պաշտպանված լինեն։
Լոնդոնյան հանդիպումը տեղի էր ունենում Ուկրաինային ռուսների հասցրած վերջին լայնածավալ հարվածներից հետո, որոնցից տուժել է նաև մայրաքաղաք Կիևը։
Զելենսկին X-ում գրել է, որ քննարկումների ժամանակ Սթարմերին տեղեկացրել է ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության հրթիռների անհրաժեշտության մասին։
Սթարմերն, իր հերթին, գրել է, որ Բրիտանիան Ուկրաինայի կողքին կլինի այնքան, որքան անհրաժեշտ է․ «Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է», - ասվում է գրառման մեջ։
Միջազգային լրատվամիջոցների հետ հունիսի 4-ին կայացած հանդիպմանը Պուտինը կրկնել էր հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշումը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկները կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, եթե Կիևը պատրաստ լինի փոխզիջումների։