Մատչելիության հղումներ

Եվրոպամետ Շնորհապետական կուսակցությունը մերժում է նախկիններին և գործող իշխանություններին

Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիից: Վարչապետի թեկնածուն` Գուրգեն Սիմոնյանն է, ով շեշտը դնում է նախկիններին ու գործող իշխանություններին մերժելու վրա։

«Առաջին հերթին, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է փոփոխությունների գնա և մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները և ներկայիս վարչապետը` նրանց արբանյակ ուժերի հետ միասին: Մեր քաղաքական ուժը գիտելիքահեն կառավարման ջատագովն է, այսինքն՝ դա պետական համակարգի փոփոխություններով պայմանավորված արժանիների իշխանություն պետք է լինի», նշել է Գուրգեն Սիմոնյանը։

Քաղաքական ո՞ր ուժի հետ է համագործակցելու կամ կբացառե՞ն համագործակցությունը հարցին, նա պատասխանում է.

«Բացառում ենք նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցությունը, կոալիցիան և նրանց հետ ասոցացվող, նրանց արբանյակ քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցությունը: Բաց ենք նոր և մաքուր ուժերի հետ համագործակցության համար, եթե կլինեն նմանները»։

Թե որ ուժերին է համարում ՔՊ-ի արբանյակ ու որ նոր ուժերի հետ է պատրաստ համագործակցել, Սիմոնյանը անուններ չտվեց: Փոխարենը Շնորհապետական կուսակցության 41-ամյա ղեկավարը հաճախ է ստիպված լինում իր ուժի անունը բացատրել։

«Շնորհապետությունը դա մերիտոկրատիա բառի հայերեն համարժեքն է: Մերիտոկրատիա նշանակում է արժանիների իշխանություն: Մենք 40 տարվա ընթացքում տեսանք թալանչիների իշխանություն, տեսանք տգետների իշխանություն։ Ժամանակն է, որ արժանիները գան, իսկ արժանիները երկու մոտեցումով են չափվում՝ լավ մարդ և լավ պրոֆեսիոնալ», պարզաբանում է Սիմոնյանը։

Երկու տարի առաջ ստեղծված ուժը եվրոպական կողմնորոշում ունի: Չնայած, ըստ Հանրապետական ինստիտուտի վերջին՝ այս փետրվարին անցկացված հարցման, Շնորհապետականը և անձամբ Սիմոնյանը ընդամենը մեկ տոկոսի վարկանիշ ունեն, Սիմոնյանը բարձր է գնահատում իրենց շանսերը։

Առավել թերահավատ էին, սակայն, գյումրեցիները, որոնց Գուրգեն Սիմոնյանն այսօր բուկլետներ էր բաժանում։

«Պարոն Սիմոնյան... Հաստատ չանցար, ազիզ։ Էդ հին գելերի մեջը դժվար էլ անցնիս», նշեց գյումրեցի կինը, ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Մենք գել ենք բռնում, ինչի՞ց եք խաբար։ Առյուծի նշանը տեսեք», ապա հավելեց. «Գյումրիից ենք սկսել, Գյումրին մի տեսակ ուրիշ էներգետիկա ունի»։

Գյումրեցիների խոսքով՝ բոլորն էլ իրենց մուտքը Գյումրիից են սկսում, «որ առաջ երթան»։ «Որովհետև գյումրեցիների ճաշակը մի քիչ ուրիշ է, էլի, եթե կարեցար էստեղ համոզես, նշանակում է՝ ուրիշ տեղերը կհամոզես ու կհամոզես», ասաց գյումրեցին։ Մեկ այլ գյումրեցու խոսքով` «Գյումրեցիներին շատ բարդ է համոզելը»։

Գյումրեցիներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն միավորվում:

«Ես կարծում եմ, որ եթե ժողովուրդը մեր կողքը կանգնեց, դրանից ուժեղ միացում ուրիշից չեմ սպասում։ Կարևորը ժողովուրդն է», պատասխանեց Սիմոնյանը։

Շնորհապետական կուսակցությունը մեկ անգամ էլ քարոզարշավի ավարտին Գյումրի կգա։ Այսօր նաև հարևան մարզեր էին այցելելու։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG