Մատչելիության հղումներ

«Երևանում ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից»․ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մոսկվայում, 9-ը մայիսի
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մոսկվայում, 9-ը մայիսի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատությունը «ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակ է»։

«Ի դեպ, Երևանում ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը սուր քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ երկրի դեմ ընդունված մի շարք հայտարարությունների և բանաձևերի կապակցությամբ», - ասել է Ֆիցոն՝ Մոսկվայից հայրենիք վերադառնալիս պետական օդանավում արված տեսանյութում։

Նրա խոսքով՝ Ալիևը «ճշմարտությունն» է ասել․ «Նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել, երբ նշել է, որ Եվրոպական խորհրդարանը պետք է նախ և առաջ եվրոպական խնդիրներով զբաղվի․․․ ստեր տարածելու և այլոց գործերին խառնվելու փոխարեն»։

Վարչապետ Ֆիցոն ընդգծել է, որ Սլովակիայի անունից նույն ուղերձն է հղում Եվրոպական խորհրդարանին՝ հաշվի առնելով վերջերս ընդունված «գլուխգործոցը», որով Եվրոպական հանձնաժողովին առաջարկվում է Բրատիսլավային ԵՄ ֆոնդային հատկացումներ չտրամադրել։

Ֆիցոյին X-ի գրառմամբ արձագանքել է Իլհամ Ալիևը՝ երախտագիտություն հայտնելով սլովակ գործընկերոջը Ադրբեջանի մասին «ճշմարիտ և արժեքավոր» խոսքերի համար։

«Բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը», - նշել է Ալիևը։

Տեսակապով մասնակցելով ԵՔՀ երևանյան գագաթնաժողովին՝ Ադրբեջանի ղեկավարը կրկին քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Գագաթնաժողովից օրեր առաջ Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Անդրադարձներ կային նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքին, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը։



XS
SM
MD
LG