Մատչելիության հղումներ

Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» համար

Ադրբեջանի նախագահը տեսակապով մասնակցում է Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, 4-ը մայիսի, 2026 թ.
Ադրբեջանի նախագահը տեսակապով մասնակցում է Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, 4-ը մայիսի, 2026 թ.

Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,- հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Կրկին պնդելով, որ Ադրբեջանը «վերականգնել է միջազգային իրավունքը, վերջ է դրել սեպարատիզմին, պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու պատերազմական հանցագործներին կանչել պատասխանատվության», Ալիևը կրկնել է՝ ի պատասխան Եվրախորհրդարանի վերջին «սադրիչ» բանաձևի, Միլի Մեջլիսը մայիսից կդադարեցնի բոլոր կապերը և համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի ու Եվրանեսթի հետ։

«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ Տիրանայում կայացած հավաքին եվրոպացի առաջնորդներն են «խնդրել իրեն միանալ Երևանում անցկացվող գագաթնաժողովին, Հայաստանն էլ չի ընդդիմացել, որ և 2028-ին հավաքը կայանա Բաքվում»։ «Սա մեր միջև խաղաղության ևս մեկ ցուցիչ է»,- ասել է նա։

«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Խաղաղությունն արդեն իրականություն է»,- հայտարարել է Ալիևը՝ հատուկ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը Թրամփի ուղին է, որը անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի ելույթից րոպեներ անց Եվրախորհրդարանի նախագահը հատուկ խոսքի իրավունք խնդրեց՝ Ալիևին արձագանքելու։ «ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»,-հայտարարեց Ռոբերտա Մեցոլան։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG