Իրանցի 30-ամյա Հոսեյն Սոտուդե-Գանին ստիպված էր այսօր Ներքին գործերի նախարարություն ներկայանալ: Պնդում է՝ նախօրեին Տիգրան անունով ներկայացած մի ոստիկան մոտեցել էր իրեն Իրանի դեսպանատան մոտ անցկացվող ցույցի ժամանակ ու բաժին հրավիրել: Այսօր օրվա կեսին զանգել, թե`«տեղում չեմ, հետո կգաս»:
«Էս մարդն ա, Տիգրան ա անունը, անձնական շորերով էր, դաժե ֆորմով էլ չէր,ես էսքան էլ չէի ուզում իրանց հետ խոսայի, որովհետև չգիտեի՝ ինքը ինչ պաշտոնյա ա: Մինչև իրան ներկայացրեց, ասի՝ «ախպերս, ես էլ եմ ուրախ, բայց ասեք ես ինչ օրենք եմ խախտում արել, որ ես էլ գամ», - ցույց տալով հեռախոսի տեսանյութը՝ հայերեն պատմում էր իրանցի երիտասարդը:
«Փաստաբանը ինձ նորից զանգեց, ասում են՝ իրան զանգել են ոնց որ դուրս են էթում, երեքշաբթի կամ երկուշաբթի օրը, էլի: Զուր հասանք էստեղ, սաղ գործերս թողեցի էսօր, էկել եմ էստեղ», - նշում էր Հոսեյն Սոտուդե-Գանին:
Ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում՝ ինչո՞ւ է ոստիկանությունը հետաքրքրվում իրանցի ցուցարարներով, որ հայրենիքում անցած տարեվերջին սկսված բողոքի ցույցերից հետո ամեն օր հավաքվում են դեսպանատան մոտ: Երևանում արդեն 7 տարի բնակվող իրանցին պնդում է՝ ինքը օրենք չի խախտել, ավելին՝ ոստիկանությունն է կարգը խախտելով՝ առանց ծանուցման իրեն բաժին հրավիրում:
«Հարուր անգամ ասել եմ՝ «գրավոր բան ղրգեք, որ ես իմանամ՝ ինչ մեղք ունեմ, որ գամ»: Հետո ինձ ասում ա՝ «դու ինձ ասում ես հիվանդ ես, պառկած ես, չես կարում գաս, բայց գալիս ես ցույցի տեղ»: Ասում եմ՝ «հա, ես իրանց արունին երդում եմ կերել, որ ամեն օր գամ էստեղ, չեմ կարա էտի հրաժարվեմ»: Զոռով ինձ քաշում եմ, տանում եմ դեսպանատունի մոտ, որ իմ երդումից դուրս չգամ», - ասում էր իրանցի երիտասարդը:
Իրանում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպանների, վարչակազմը տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել: Այս բռնությունները դադարեցնելու պահանջով ցույցեր են աշխարհով մեկ, սակայն հայաստանաբնակ իրանցիները պնդում են՝ իրավապահներից ցույցերը դադարեցնելու հորդորներ ու անգամ սպառնալիքներ են ստանում:
«Ես ուրիշ տղերքից իմացել եմ՝ իրանք կանչում են էստեղ, սպառնում են, որ չէրթան մասնակցեն էդ ցույցի մեջ», - պնդում էր Հոսեյն Սոտուդե-Գանին:
Քանի օր է՝ սրված է իրավիճակը Իրանի դեսպանատան մոտ. ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքվել անմիջապես շենքի առջև՝ իբրև պատճառ նշելով անվտանգությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը: Երեկ հերթական ակցիայի ժամանակ ցուցարարները նկարահանել էին ոստիկաններին, նրանցից մեկը՝ քաղաքացիական հագուստով, զրույցի էր բռնվել, ցուցումներ տվել ու հարցրել, թե ինչու է նրանցից մեկը ալկոհոլի ազդեցության տակ ներկայացել ցույցի՝ այն դեպքում, երբ ցուցարարը որևէ կարգ չէր խախտել:
«Էրեկ էկել ա մեր ցույցի տեղ, նենց ա հետս խոսում, ոնց որ, չգիտեմ, քուչացի տղա ըլնի՝ «ձեռները ջեբիցդ հանի, նորմալ քայլի, հետդ եմ խոսում», սենց ա սկսել հետս խոսալ: Ասում եմ՝ «ախպեր, ես քաղաքացի չեմ, բայց պարսիկ ժողովուրդ եմ, խի՞ ես իմ հետ սենց խոսում, խի՞ եք իմ հետ սենց վերաբերվում, ես ի՞նչ եմ արել», - պատմում էր Սոտուդե-Գանին:
Իրանցիները պնդում են՝ իրենք իրավապահների թիրախում հայտնվեցին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունից հետո, թե Թեհրանում տպավորություն ունեն, որ Հայաստանը վերածվում է հակաիրանական ուժերի կենտրոնի: Վարչապետ Փաշինյանը հերքել էր այդ պնդումները, միաժամանակ հավաստիացրել, թե Հայաստանում բոլորն ունեն ազատ կամարտահայտման իրավունք:
«Հայաստանում ընդհանրապես, 2018-ից էս կողմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Չնայած այդ հավաստիացումներին՝ Հոսեյնով ու ընկերներով հետաքրքրվում է նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Օրեր առաջ մի քանի իրանցիներ «Ազատությանը» պատմել էին, որ իրենց կանչել են ծառայություն ու հորդորել չմասնակցել ցույցերին, թե չէ կուղարկեն հետ՝ բախումների ու սպանությունների կիզակետում հայտնված հայրենիք:
ԱԱԾ-ն չէր հերքել, որ իրանցիներին կանչել էր հարցումների, բայց հստակ չէր պարզաբանել՝ ինչո՞ւ ու ի՞նչ հիմնավորմամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան գրել էին, որ հարցումային աշխատանքներն իրականացվել են օրենքով ծառայությանը վերապահված՝ հակահետախուզական և հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների համատեքստում:
Օրենքով, որին հղում է անում ԱԱԾ-ն, հարցումներ իրականացվում են կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու դեպքում։ Այս հիմքերից որո՞վ են իրանցիներին ծառայություն կանչել՝ ԱԱԾ-ից այդպես էլ չէին հստակեցրել: