Չնայած վարչապետի հավաստիացմանը, որ Հայաստանում 2018 թվականից հավաքներ չեն արգելվում, հայաստանաբնակ իրանցիներն ահազանգում են՝ իրենց օրերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն ու հորդորել դադարեցնել հավաքները։
Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ հավաքներին մասնակցած իրանցիներից մի քանիսը, չներկայանալու պայմանով, «Ազատությանը» պատմել են՝ ԱԱԾ-ում իրենց ասել են, թե Հայաստանն Իրանի հետ բարեկամ երկիր է և այստեղ չեն ցանկանում, որ այդ հարաբերությունները վնասվեն։
«Նրանք ինձ խնդրեցին, որ ես այլևս ոչ մի դեպքում չմասնակցեմ այդ հավաքներին։ Ես հրաժարվեցի և ասացի, որ չեմ կարող նման խոստում տալ, որովհետև եթե դա անեմ, ինձ դավաճան կհամարեն»։
Ազգային անվտանգության ծառայություն իրանցիներին հարցաքննության հրավիրելու մասին տեղեկությունները հաջորդեցին Հայաստանում Իրանի դեսպանի անցած չորեքշաբթի արած կոշտ քննադատությանը։
«Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար», - ասել է դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Դեսպանը նաև դժգոհել էր, թե դիմել են Հայաստանի պատկան մարմիններին, բայց ցույցերը միևնույն է շարունակվել են: Երևանյան այդ ցույցերի մասնակիցները օրեր շարունակ հավաքվում էին դեսպանատան դիմաց՝ պահանջելով իրենց իշխանություններից դադարեցնել Իրանում ցուցարարների սպանությունը, նաև գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի հեռացման կոչեր էին հնչում:
Դիվանագետի հայտարարություններին հինգշաբթի օրը վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ հավաստիացնելով՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: Փաշինյանը միևնույն ժամանակ պնդեց, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել, և Իրանի համար բացառություններ չեն արվելու։
«Հայաստանում, ընդհանրապես, 2018-ից էս կողմ երբեք, ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է», - նշել է վարչապետը։
Ըստ «Ազատության» զրուցակիցներից մեկի, ԱԱԾ-ում իրենից հետաքրքրվել են, թե ովքեր են իրեն հրավիրում Իրանի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիաներին։
«Ես պատասխանեցի, որ չկա որևէ մեկը, ով մեզ հրավիրում է․ հավաքները ինքնաբուխ են, և յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ է մասնակցում դրանց։ Յուրաքանչյուր մարդ իր հերթին ունի իր հարազատներն ու մտերիմները Իրանում, որոնց հետ կապ չունի և անհանգստացած է նրանց համար»։
Ըստ երիտասարդ տղամարդու՝ Ազգային անվտանգության ծառայությունում իրեն անգամ, փաստացի, սպառնացել են ձերբակալմամբ, եթե շարունակի մասնակցել ցույցերին։
«Իմ կինը Իրանում է, իմ հարազատներն Իրանում են, իմ լավագույն ընկերները Իրանում են, որոնց հետ ես որևէ կապ չունեմ։ Նրանք ասացին, որ եթե շարունակեմ մասնակցել հավաքներին, կարող եմ ձերբակալվել»։
Իրանցին պատմեց՝ ԱԱԾ-ում իր հետ շատ քաղաքավարի են շփվել, կոպիտ չեն եղել։ Տղամարդու խոսքով՝ ինքը որևէ անօրինակ բան չի արել։ Մյուս իրանցիները խուսափեցին ձայնագրվել։
«Ազատությունն» այսօր դիմեց Ազգային անվտանգության ծառայություն՝ մեկնաբանություն ստանալու համար։ Գերտաչեսությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցմանը դեռ չեն արձագանքել։
Շաբաթ օրն, ի դեպ, ոստիկանությունն իրանցիներին արգելեց դեսպանատնից Կապույտ Մզկիթ երթ իրականացնել: Քաղաքապետարանը սկզբում արտոնել, ապա արգելել էր երթը, ըստ ցույցի մասնակիցների, պատճառաբանելով, թե ակցիան խցանման պատճառ կարող է դառնալ: