Եվրամիությունը, Ֆրանսիան և Գերմանիան դատապարտում են ԱՄՆ-ի վիզային արգելքները հինգ եվրոպացիների նկատմամբ, ովքեր պայքարում են առցանց ատելության և ապատեղեկատվության դեմ:
Բրյուսելի, Փարիզի և Բեռլինի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ի պաշտպանություն տեղական մակարդակում օտարերկրյա ընկերությունների գործունեությունը օրենսդրորեն կարգավորելու Եվրոպայի իրավունքի:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ արտահայտվելու ազատությունը հիմնարար իրավունք է Եվրոպայում և ընդհանուր արժեք ողջ ժողովրդավարական աշխարհում: Նա հավալել է, որ ԵՄ-ն Վաշինգտոնից պարզաբանում է ակնկալում:
Վաշինգտոնը վիզային արգելքներ է սահմանել Եվրոպայի հինգ քաղաքացիների, այդ թվում՝ Ֆրանսիայից ԵՄ նախկին հանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ: Պետքարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ նրանք իրենց դիրքն օգտագործել են ամերիկացի գործիչների և ամերիկյան ընկերությունների դեմ ուղղված ռեպրեսիվ գրաքննության միջոցառումները խթանելու համար:
ԱՄՆ-ն ավելի վաղ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում նախազգուշացրել էր, որ Եվրոպան կանգնած է «քաղաքակրթական ջնջման» վտանգի առջև և պետք է փոխի ընթացքը, եթե ցանկանում է մնալ ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը: