Մատչելիության հղումներ

Եթե Մոսկվան նման որոշում կայացնի, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե՛ ՀԱՊԿ–ից, թե՛ ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյան

Մոսկվայում Հայաստանի վարչապետը հանդես եկավ անկախ, ինքնիշխան պետության դիրքերից, և ես հպարտությամբ էի նայում, Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ իր տպավորություններն այսպես նկարագրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե մոսկովյան հանդիպմանը տպավորություն էր, թե վտանգների մասին են Հայաստանին զգուշացնում, արդյո՞ք Դուք այդ հանդիպումից հասկացել եք, որ վերջնագրերով են խոսել ՀՀ իշխանության հետ, Սիմոնյանն արձագանքեց, որ նման խոսակցությունները նոր չեն, օրինակ՝ ապրանքների, գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են, բայց եթե նման որոշում լինի, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և վերջնականապես դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից , թե՛ ԵԱՏՄ-ից, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը, միաժամանակ ընդգծելով.

«Բայց չեմ կարծում, որ դրան կգնա, կհասնի, որովհետև ես գիտեմ, որ դրանից հետո նաև շատ լավ զրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև»,- ասաց ԱԺ նախագահը, շարունակելով. «Երբ մենք կհասնենք այն կետին, որ ինչ-որ գործողությունների հետ կապված բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կմեկնաբանի, ես ասում եմ՝ խոսակցություն է տեղի ունենում, մենք ասել ենք և կրկնում եմ՝ մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևիցե բան չենք արել, չենք անելու և չենք պատրաստվում անել, բայց, միևնույն ժամանակ, մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք ՀՀ շահերը»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ուղղված հարցրին՝ եթե գազի գնի փոփոխություն լինի և ՀՀ-ն որոշի լքել ԵԱՏՄ- ն ու ՀԱՊԿ-ը, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահը, այդ դեպքում Հայաստանի տնտեսությանն ինչ ռիսկեր են սպառնում և կա՞ հաշվարկ, ինչպես են այդ ռիսկերը կառավարելու, Պապոյանը նախ ասաց՝ իր կարծիքով գինը չի թանկանա, հետո նշեց, թե օգուտներն այնքան էլ մեծ չեն եղել։

«Ես կարծում եմ, որ գազի գինը չի փոխվի, որովհետև Հայաստանը, կարծում եմ, գործընկերներին անհրաժեշտ է, որ մնա և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում, իսկ եթե Հայաստանը պետք է չստանա այդ օգուտները, ապա ինչու պետք է մնա այդ միության մեջ: Կսկսվի այլ միության մեջ գործընթաց, ավելի արագացված կերպով»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

Իսկ ի՞նչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն, ոչ մի բան,- ասաց նախարարը, ընդգծելով.- «Այնպես չի, որ ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում աստղաբաշխական աճեր են արձանագրվել»:


XS
SM
MD
LG