Մատչելիության հղումներ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգություն է հայտնել եկեղեցու «ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ»։

Խորհուրդն ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։

Կազմակերպությունը հույս է հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը։

«Այս ժամանակահատվածում մենք աղոթքով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Առաքելական եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։

Նախօրեին մեկնարկեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դատավարությունը: Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

«Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ»,- նախօրեին հայտարարեց Գարեգին Երկրորդը:

XS
SM
MD
LG