Մատչելիության հղումներ

Դեռ պարզ չէ՝ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում

Պակիստան - Իսլամաբադում պատրաստվում են ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլին, 21-ը ապրիլի, 2026թ.
Պակիստան - Իսլամաբադում պատրաստվում են ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլին, 21-ը ապրիլի, 2026թ.

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում՝ ավարտելու պատերազմը: Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան կմեկնի այսօր: Ըստ Al Jazeera-ի՝ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադում կլինի չորեքշաբթի օրը:

Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ:

Սակայն ԱՄՆ նախագահը, որը քիչ հավանական է համարել հրադադարի երկարաձգումը, վստահություն է հայտնել, որ Իրանը կգա բանակցությունների: «Ջոն Ֆրեդերիկսի շոու» ռադիոհաղորդման ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ հակառակ դեպքում Իրանը «այնպիսի խնդիրներ կունենա, ինչպիսիք երբեք չի ունեցել»:

«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը, բայց երբ դա անեն, նրանք միջուկային զենք չեն ունենա … Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Դա կարող է լինել աշխարհի կործանումը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Իրանի խորհրդարանի խոսնակը, մինչդեռ, հայտարարել է, որ Թրամփը չի կարող Իրանին որևէ բան պարտադրել: Ըստ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ նրան այդ հարցում չեն օգնի ոչ իրանական նավահանգիստների շրջափակումը, ոչ էլ հրադադարի խախտումները: ԱՄՆ-ն պարզապես փորձում է արդարացնել պատերազմի վերսկսումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սոցցանցում գրել է Ղալիբաֆը:

«Մեզ համար անընդունելի է սպառնալիքների ստվերի տակ բանակցություններ վարելը, և վերջին երկու շաբաթների ընթացքում մենք պատրաստվել ենք մարտի դաշտում նոր խաղաքարտեր բացահայտել», - հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը:


XS
SM
MD
LG