Մատչելիության հղումներ

Կիրանցի բնակիչներից մեկը փորձեց հրկիզել Ադրբեջանին անցնող հողատարածքը


Կիրանց գյուղում օրվա երկրորդ կեսին կրքերը թեժացան։

Գյուղացիներից մեկը փորձեց այրել իրեն պատկանող հողատարածքի մի կտորն այն հատվածում, որը սահմանազատման հետևանքով ադրբեջանական կողմին է անցնում։

Մեկ այլ քաղաքացի, որը, գյուղացիների խոսքով, իրավապահ համակարգի ներկայացուցիչ է, փորձեց արգելել դա։ Հրմշտոց սկսվեց, ոստիկանական միջամտությամբ միայն հանդարտվեց։

Հրշեջները այրեցին կրակը
Հրշեջները այրեցին կրակը

Իրավիճակը գյուղում լարվեց այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ գույք կորցնող գյուղացիներին, մասնավորապես վագոն-խանութի սեփականատիրոջը հորդորել են ազատել տարածքը, իրերը դուրս հանել։ Սեփականատեր Ռուդիկ Ավալյանն ասաց, որ իրեն ավելի երկար ժամկետ էին տվել։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ մեկ ամիս կա՝ այդ գույքերն ազատելու, դուրս գալու համար, ինչպես նաև մեկ ամիս կօգտագործվի Կիրանց բերող ճանապարհը։ Իսկ մինչև այդ գյուղացիները պետք է ազատեն իրենց գույքը։

Չորս շինություն կա, որ սահմանազատման հետևանքով անցնում է Ադրբեջանին, այդ թվում՝ երկու տուն։

«Գույքի դիմաց փոխհատուցում»․ սեփականությունը կորցնող կիրանցեցիները դիմում են կառավարությանը

Այսօր առավոտյան «Ազատություն»-ը ծանոթացել էր այն դիմում-տեքստին, որը լրացնում են գույք կորցնող կիրանցեցիները։

Չափագրման աշխատանքներ Կիրանցում, 21-ը մայիսի, 2024թ.
Չափագրման աշխատանքներ Կիրանցում, 21-ը մայիսի, 2024թ.

Այս դիմումով բնակիչները խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել և հաստատում, որ փոխհատուցում ստանալուց հետո հրաժարվում են գույքի նկատմամբ իրենց իրավունքներից ու լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմել Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու համար։ Այս դիմում-տեքստով հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, որը սակայն, գործադիրի e-gov.am կայքում չենք գտնում, այն այս պահի դրությամբ տեղադրված չէ։ Կառավարությունից հորդորել են որոշմանը ծանոթանալու համար գրավոր հարցում անել, «Ազատություն»-ն արել է։

Մինչև այս պահը կառավարությունից ոչինչ չի հաղորդվել փոխհատուցումների թեմայի առնչությամբ։ Առայժմ նաև հայտնի չէ, թե քանի հողակտոր է սահմանի այն կողմն անցնում։ Գուղացիներն ավելի վաղ «Ազատության»-ը ասել էին, որ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում Ադրբեջանին: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունն է կորցնում:

Զուգահեռ փակ է Կիրանց բերող ճանապարհը արդեն 5-րդ օրը։ Մուտքը թույլատրվում է միայն տեղի գրանցում ունեցող քաղաքացիներին։

Նաև շարունակվում է այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Կառավարությունից 2-3 ամիս էին նշել ճանապարհի ավարտի համար։

Այստեղ տեսանելի հատվածում այսօր աճել է սահմանապահների թիվը։

Նրանք հերթապահություն են իրականացնում։

Զուգահեռ գյուղում շարունակում են բարձրաձայնել անվտանգային մարտահրավերների մասին, ասում են՝ չեն պատկերացնում իրենց կյանքը գյուղում այս ամենից հետո։

  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
  • Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Կիրանցում «երեք առավել զգայուն կետեր կան, դրանց վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի»։ Արձանագրության ստորագրումից հետո, սակայն գյուղացիները հայտարարեցին, թե այդ երեք զգայուն կետերի հարցը, ոչ ի շահ իրենց է լուծվել։
  • Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ օրերս հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանն ու ասել, որ 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ:

XS
SM
MD
LG