Մատչելիության հղումներ

Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում


Կիրանց գյուղը Տավուշի մարզում, արխիվ
Կիրանց գյուղը Տավուշի մարզում, արխիվ

«Ազատության» տեղեկություններով՝ գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին են:

Թե ի՞նչ ձևակերպումներով են այս դիմումները, իրավական ի՞նչ հիմքեր ունեն, այս պահին հայտնի չէ։ Պաշտոնական պարզաբանում փոխհատուցման վերաբերյալ դեռ չկա։ Դիմումի տեքստին «Ազատությունը» դեռ չի ծանոթացել։

Փոխհատուցման վերաբերյալ խոսակցությունները Կիրանցում ակտիվացել են երեկվանից։

Գյուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի այն կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը կորցնում է:

Պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, մինչ այս պահը հայտնի չէ՝ ինչ չափի փոխհատուցում են տրամադրելու քաղաքացիներին ու ինչպես:

Բնակիչների խոսքով՝ առաջին հերթին տներ, շինություններ կորցնող քաղաքացիների գույքն են փոխհատուցելու, այդպիսի 4 շինություն կա, ինչպես ավելի վաղ հայտարարել էին կառավարությունից: Երկու տոն կա, ընդ որում, մեկը կառավարությունը որպես կացարան է ներկայացնում և 2 այլ շինություն:

«Ազատության» հարցին՝ իրավաբանական օգնություն ստանո՞ւմ են, դիմե՞լ են որևէ փաստաբանի, կիրանցցիները պատասխանեցին՝ նման բան չի եղել, սակայն նշում էին, որ այդպիսի օգնությունն այս պահին շատ տեղին կլիներ:

Գյուղացիներից մեկը, որը նկարահանվել չցանկացավ, պատմեց, որ այն կողմ անցնող իր հողակտորից խողովակներ է կտրելու ու բերել իր մեկ այլ հողատարծք, որը մնում է Հայաստանի տարածքում:

Կիրանց տնակներ բերվեցին, որոնք, ըստ էության, հայ սահմանապահների համար են: Թե որտե՞ղ են դրանք տեղադրվելու, դեռ չեն ասում:

Քիչ առաջ նկատեցինք, որ Կիրանց տանող ճանապարհի աջ հատվածում տեղադրված սյան վրա գրված է Aze ,նախօրեին գրառում չենք տեսել։ Սյան կողքին ծառայություն են իրականցնում հայ սահմանապահները: Այս սյան դիմաց ընկնող հատվածը ադրբեջանական կողմին է անցնում:

Կիրանց տանող ճանապարհն արդեն 4-րդ օրն է՝ փակ է:

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Կիրանցում «երեք առավել զգայուն կետեր կան, դրանց վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի»։

Ստորագրումից հետո վարչապետն ասաց, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG