Մատչելիության հղումներ

Փաշինյանը խորհրդարանում ցույց տվեց քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը


Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ցույց տվեց այն քարտեզը, որով իրականացվել է սահմանազատումը:

«Սրանք 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների հիման վրա», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե այս քարտեզները շատ կարևոր դեր ունեն պետության անկախության և ինքնիշխանության հետագա զարգացման գործում։

Վարչապետն ասաց, թե այժմ կարող է բաց խոսել, նշելով, թե մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների 19 էջերով վերարտադրել են քարտեզների վրա Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը. «Այս քարտեզը ունի դե յուրե իրավական ուժ»:

  • Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
  • Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

«Էդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն»

Առանց անուններ տալու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի այն ձևակերպմանը, թե իրենց շարժումը չակնկալիքների շարժում է։

«Մարդիկ ովքեր գալիս են, ասում են չակնկալիքների շարժում ենք անում, էդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ Հայաստանում մարդիկ Երևանի կենտրոնում սրճարանում նստած երազեն Կարսի մասին, և այդպիսով կորցնեն Երևանը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ ինչպես իրենք են ասում՝ Սանասարի մասին և կորցնեն իրական Կապանը։ Սա է կոնցեպտուալ բանավեճը», - նշեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG