Մատչելիության հղումներ

Կիրանցում ակտիվացել են փոխհատուցման վերաբերյալ խոսակցությունները, թեև պաշտոնապես այդ մասին դեռ չի հաղորդվում


Կիրանց, 17-ը մայիսի, 2024թ․
Կիրանց, 17-ը մայիսի, 2024թ․

Երեկվանից Կիրանցում ակտիվացել են փոխհատուցման վերաբերյալ խոսակցությունները։

Թեև պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, բայց գյուղացիների խոսքով, վերջին երկու օրերին հենց այս հարցն է քննարկվում։

«Ըստ էության, այժմ սահմանի այն կողմ անցնող տների ու շինությունների հարցն է քննարկվում», - «Ազատության»-ը փոխանցեցին կիրանցեցիները՝ նշելով, որ հողակտորների փոխհատուցման մասին էլ է խոսվել, բայց իրենք էլ հստակ տեղեկություն առայժմ չունեն։

Պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվում, նաև չի հստակեցվում, թե ընդհանուր առմամբ քանի բնակչի հողակտոր է ադրբեջանական կողմն անցնում։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Կիրանցում «երեք առավել զգայուն կետեր կան, դրանց վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի»։

Ստորագրումից հետո վարչապետն ասաց, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:

Արձանագրության ստորագրումից հետո, սակայն գյուղացիները հայտարարեցին, թե այդ երեք զգայուն կետերի հարցը, ոչ ի շահ իրենց է լուծվել։

Բացի տներից, նաև կամրջի հարցը կա այստեղ, ընդհանրապես Վրաստան գնացող միջպետական ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական կողմին: Պաշտոնյաները խոստանում են, որ շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու երկու ամսվա ընթացքում:

Անվտանգության խորհրդի քարտուղարն էր օրերս հարցազրույց տվել Հանրային հեռուստաընկերությանն ու ասել, որ 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ:

Բնակիչները նաև վարելահողերի խնդրի մասին են խոսում: Տասնյակ հեկտարների տարածք կա, որ, ասում են, թեև չի անցնելու անմիջական ադրբեջանական վերահսկողության տակ, բայց ադրբեջանցի սահմանապահների թիկունքում է լինելու:

Իսկ ինչ վերաբերում է 25 հեկտար հողատարածքները գյուղին վերադարձնելուն՝ գյուղացիներն ասում են, որ դրանք ըստ էության հայկական վերահսկողության տակ գտնվող հողատարծքներ են և դեռ խորհրդային տարիներից եղել են հայկական վարելահողեր, այժմ այդ տարածքներն, ըստ կիրանցեցիների, անվտանգության գոտի են՝ ականապատված, այդ պատճառով էլ չեն մշակվել, բայց գտնվում հայկական վերահսկողության տակ։

Սա չհերքեց նաև ԱԽ քարտուղարը՝ պարզաբանելով՝ այդ տարածքներում Զինված ուժերն էին ծառայություն իրականացնում և այդ պատճառով, որտեղ դիրքեր կան, այդ դիրքերում համայնքներն իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել, իսկ հիմա, երբ որ այդ դիրքերից Զինված ուժերը դուրս են գալիս և սահմանապահ զորքերն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում են գյուղացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG