Մատչելիության հղումներ

Պատերազմում Հայաստանի դեմ մասնակցած երկու սիրիացի վարձկանները փոխանցվել են Սիրիային


Լուսանկարում՝ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին
Լուսանկարում՝ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ մասնակցած երկու սիրիացիներ այսօր Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային, հայտնում է Արդարադատության նախարարությունը:

Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջիի և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը կշարունակվի Սիրիայում:

«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո», - նշել է նախարարությունը:

Նախարարության հայտարարությունից րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չորս հայ գերի է վերադարձել Հայաստան Ադրբեջանից, ըստ ԱԱԾ-ի, խաղաղության գործընթացի շրջանակներում:

Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել էին առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր, Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցել։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով. վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Նրանք ձերբակալվել էին Արցախի պաշտպանության բանակի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG