Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների, երեկ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել, նրան առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել, Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն։
«Ենի կլինիկա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Էմիլ Հասիմովի տեղեկացմամբ՝ Վագիֆ Խաչատրյանն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ վիճակում, սրտի բարդ խնդիրներով, սրտային անբավարարությամբ ու թոքի այտուցով:
Ըստ Հասիմովի՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակը ծանր է, բայց դրական փոփոխություն կա, դեղորայքային բուժում են սկսել. «Այս պահին բուժառուն դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական վիճակից, սակայն նրա վիճակը նախկինի պես գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո»:
Իրականում ի՞նչ վիճակում է 2023 թվականի հուլիսի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանը, ոչ մի կերպ պարզել հնարավոր չէ: Այն, որ արցախցի տղամարդը սրտի լուրջ խնդիրներ ունի, հայտնի էր այն պահից, երբ ադրբեջանի ուժայինները նրան իջեցրին ԿԽՄԿ մեքենայից: Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան սրտի հրատապ վիրահատության էր գալիս՝ բժիշկների ցուցումով:
«Նրա հիվանդությունն ընդհանրապես համատեղելի չէր անազատության հետ». Սիրանուշ Սահակյան
«Արձանագրված է, այդ թվում՝ ԿԽՄԿ գործունեության շնորհիվ, որ անձն ունեցել է լուրջ հիվանդություն, ընդ որում, տեղափոխումը պայմանավորված է եղել անհետաձգելի բժշկական միջամտությամբ: Նրա խնդիրը կապված է եղել սիրտ-անոթային համակարգի հետ, ինչը ցուցադրում է կյանքին սպառնացող վտանգների լրջությունը», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Վագիֆ Խաչատրյանի կյանքի պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է, շեշտում է Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը: Ադրբեջանը պարտավոր է նաև պարբերաբար տեղեկություն տալ Եվրոպական դատարանին պահվող անձանց առողջական խնդիրների մասին:
«Ունենք խուսափողական վարքագիծ ու միտումնավոր ձգձգվում է տեղեկատվության տրամադրումը, այդ թվում՝ առողջական վիճակի վերաբերյալ», - նշեց իրավապաշտպանը:
Նոյեմբերի 4 -ին պիտի Բաքուն Ստրասբուրգ ուղարկած լիներ գերիների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, սակայն ըստ Սիրանուշ Սահակյանի, միտումնավոր ձգձգել են և այժմ նոր վերջնաժամկետը հունվարի սկիզբն է:
«Առողջական խնդիրներ ունեցող անձի առողջության պատշաճ կազմակերպման միակ պատասխանատուն պետությունն է ու ցանկացած թերացում հանգեցնելու է կյանքի իրավունքի խախտման», - ասաց Սահակյանը:
Ծանր առողջական խնդիրներով 70-ամյա հայ տղամարդուն Բաքուն ազատազրկել է 15 տարով: Նրան են վերագրում այսպես կոչված՝ Մեշալիի ցեղասպանությունը: Նույնիսկ 60 տուժածների էին գտել, որ իբրև թե տեսել ու հիշել էին Խաչատրյանին ավելի քան 30 տարի անց: Նրա ընտանիքը, իրավապաշտպանները ի սկզբանե են պնդել՝ կեղծ է այդ ամենը. Վագիֆ Խաչատրյանը վարորդ է եղել:
Հայ գերու առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ միջազգային կառույցների խողովակներով: ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը սեպտեմբերից փակվեց Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Տեղեկատվության միակ աղբյուրն այս պահին «Ենի կլինիկայի» բժիշկ Հասիմովն է: