Միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին, թեև գրեթե ամեն օր Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում, քրեական գործեր հարուցում ու կուսակցության պատասխանատուների կալանավորում՝ ընտրողներին կաշառելու մեղադրանքներով։
Գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որն առաջնորդում է կուսակցության ընտրական ցուցակն ու քարոզարշավը, պնդում է, թե իրավապահների հրապարակումները կեղծված են, մոնտաժված։ Ասում է՝ փաստաբաններն իրավապահներից պահանջել են ամբողջական ձայնագրությունները։
«Կարող եք վստահ լինել, որ եթե ամբողջ ձայնագրությունը լինի, դեպքերի 99 տոկոսը, ուղղակի, մարդկանց մոտ տպավորություն թողնելու դեպքեր են։ Ես լսել եմ մի 5-6 ձայնագրություն, դրանից հետո չեմ լսում, ճիշտը որ ասեմ... Բոլոր ուղղություններով մենք դիմել ենք, որ ունենան ամբողջ ձայնագրությունը, դա մարդկանց աչքերը կբացի»։
Հակակոռուպցիոնի այսօրվա հերթական հրապարակման մեջ տղամարդիկ խոսում են ինչ-որ գումարի խոստման մասին։ Անուններ են տալիս, հետո մեկ այլ խոսակցության մեջ հանդիմանում, թե ինչո՞ւ են ոմն Տիգրանին գումար տալու մասին հեռախոսով խոսում։
Մի քանի օր առաջ մեկ այլ հրապարակման մեջ, ենթադրաբար, կուսակցության Ալավերդու պատասխանատուներն էին խոսում ինչ-որ վճարումների մասին։ Այս գործով 3 անձ կալանավորվել է երկու ամսով:
Մինչդեռ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վանաձորի նախկին քաղաքապետ, 5 տարի առաջ կոռուպցիոն մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկված Մամիկոն Ասլանյանը պնդեց՝ խոսքը ոչ թե ընտրակաշառքի, այլ աշխատավարձի մասին է եղել։
«Բայց ինչի՞ գումարի չափ է նշում... Մարդիկ՝ աշխատողներ են... Բոլոր ժամանակներում, կներեք, կան կամավորներ, որոնք որ ձրի են աշխատում՝ իրանց կամքով, կան մարդիկ, ովքեր ձևավորվում են համապատասխան շտաբային աշխատակազմ, չէ՞, ակտիվիստներ, պատասխանատուներ...», - ասաց Ասլանյանը։
«Ազատության» դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, հաղորդագրություններում ընտրակաշառքի էլեմենտներ են լինում, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Բացարձակ, ընտրակաշառքի էլեմենտ չկա։ Ընտրակաշառքի էլեմենտը նրա համար է, երբ որ դուք մարդուն վճարում եք, որպեսզի նա ընտրության գնա, եթե դուք մարդուն վճարում եք, որ նա աշխատանքներ տանի, դրա ընտրակաշառքը ո՞րն է»։
Լոռիում Կարապետյանի քարոզարշավին միացել են նախկին համայնքապետեր
Այսօր Լոռու ամենամեծ գյուղում՝ Օձունում «Ուժեղ Հայաստան»-ի թիմին դիմավորողների մեջ էր նախկին գյուղապետ Արսեն Տիտանյանը, ով 2021 թվականին հայտարարել էր, թե ՔՊ-ական մարզպետն իր աշխատասենյակում իրեն հարվածել է, հարկադրել հրաժարականի դիմում գրել: Դրանից հետո, 14 տարի գյուղը ղեկավարած Տիտանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից, այլևս թեկնածություն չառաջադրեց: Այսօր սակայն, դարձյալ քաղաքականության մեջ է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շարքերում:
Հարցին, թե ինչո՞ւ Օձունում քարոզարշավի եկածների մեջ մեծ չէ տեղացիների թիվը, պատասխանեց. «Ես չգիտեմ՝ օձունեցիները քիչ են, թե շատ են, բայց ժողովուրդը շատ են էլի, բոլոր տեղերից էլ մարդիկ կան»:
Քաղաքականությունը հինգ տարի առաջ լքած մեկ այլ համայնքապետ՝ Թումանյան քաղաքը 25 տարի ղեկավարած Լևոն Զավարյանը նույնպես «Ուժեղ Հայաստան»-ի հետ էր: 2020-ի պատերազմից հետո, երբ դեռ պաշտոնավարում էր, նա միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այսօր Փաշինյանի ընդդիմախոսների հետ է, ասաց, ընկերներին աջակցելու է եկել. «Քաղաքականության մեջ չկամ, թոշակառու եմ, մեր հարազատներն են, մենք իրենց կողքին ենք կանգնած»:
Այսօր Լոռիում Կարապետյանի քարոզարշավին մասնակցում էր «Ապրելու երկրի» անդամ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանը, որ 2021-ին ընտրվեց, բայց մեկ տարի անց՝ ՔՊ-ականների անվստահության միջոցով պաշտոնանկ եղավ:
Ալավերդիում գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին սատարում է նաև Լոռու նախկին հանրապետական մարզպետ, «Գազպրոմի» Լոռու մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանը: Նա, նույնպես 2018-ին պաշտոնը թողնելուց հետո քաղաքականության մեջ չէր երևացել: Նրա որդին՝ Լևոն Նալբանդյանը, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում:
Նարեկ Կարապետյանն այսօր եղավ Օձունի հրապարակում, Ախթալայում, քայլեց Ալավերդու կենտրոնական փողոցով: Կրտսեր Կարապետյանը լուսանկարվում էր քարոզարշավի եկածների հետ, իսկ նրանք վանկարկում էին ավագ Կարապետյանի անունը: