Կասպից ծովը դառնում է պոտենցիալ կարևոր լոգիստիկ միջանցք Ռուսաստանի և Իրանի՝ ընդլայնվող ռազմական համագործակցության շրջանակում. Մոսկվան ու Թեհրանը փորձում են ապրանքներ տեղափոխել ուղիներով, որոնք անհասանելի են Արևմուտքի ռազմածովային ուժերի համար։
Այս «միջանցքը» կարող է հնարավորություն տալ մեծ քանակությամբ բեռներ փոխանակել ներքին ջրային ավազանով, ուր արևմտյան ռազմածովային ուժերը չեն կարող անմիջականորեն մուտք գործել։
NBC News-ը հրապարակել է լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ, որ Մոսկվան արդեն իսկ Կասպից ծովով ռազմական նշանակության պարագաներ է ուղարկում Իրան:
Այս միջանցքն ավելի մեծ ուշադրության է արժանի, քանի որ թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ը պատերազմի մեջ են, միջազգային պատժամիջոցների տակ և խորացնում են իրենց համագործակցությունը. սա ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում պաշտպանության քաղաքականության և ռազմավարության հարցերով նախկին ավագ տնօրեն Բերի Փավելի կարծիքն է:
«Քանի որ այս երկու երկրները ավելի են մերձենում, պետք է ակնկալել այս միջանցքով երթևեկության աճ՝ այն ամենի տեղափոխման համար, ինչով Իրանը օգնում է Ռուսաստանին և հակառակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Փավելը։
«Կասպից ծովը բնական, մի տեսակ անվտանգ կենսական մատակարարման գիծ է, որը երկու ուղղությամբ էլ գործում է ռուսների և իրանցիների համար», - Saratoga Foundation-ի նախագահ Գլեն Հովարդի կարծիքն է:
Այդ մատակարարման գիծը պաշտպանված է, և հենց դա է պատճառը, որ Ռուսաստանն ու Իրանը ընտրել են այն։
Իրանը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ընթացքում դարձել է Մոսկվայի կարևոր մատակարար՝ տրամադրելով ԱԹՍ-ներ, ռազմական տեխնոլոգիաներ և այլ սարքավորումներ։ Թեհրանը նաև օգնել է Ռուսաստանին զարգացնել «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրական կարողությունները, այդ թվում՝ Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտում։
Այժմ, կարծես թե, Ռուսաստանն է փոխադարձ աջակցություն ցուցաբերում Իրանին. Թեհրանը փորձում է վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում սպառված ռազմական կարողությունները։
«Չգիտենք՝ մեջն ինչ կա». խորհրդավոր բեռներ
Կասպից ծովով իրականացվող առանձին բեռնափոխադրումների «բովանդակությունը» հիմնականում անհայտ է, դրա համար էլ դժվար է որոշել, թե այդ փոխադրումների որ մասն է առևտրային, որքանը՝ ռազմական նշանակության և որքանը՝ հումք։ Զուգահեռ՝ այս երթուղին նաև տնտեսական կարևոր զարկերակ է, որով երկու երկրների միջև տեղափոխվում են հացահատիկ և այլ ապրանքներ։
«Մենք պարզապես չգիտենք, թե ինչ կա այդ նավերի բեռներում, - ասել է Հովարդը՝ նշելով, - Բայց գիտենք, որ այդ փոխադրումները կան։ Գիտենք, որ դրանք ակտիվ են։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հարցի զգայունության պատճառով ցանկացել են անանուն մնալ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի և Իրանի միջև ավելի լայն ռազմական ու լոգիստիկ հարաբերություններին:
Պաշտոնյաները հրաժարվել են խոսել հետախուզական տվյալների կամ կոնկրետ բեռների մասին և չեն հաստատել Ուկրաինայի՝ Կասպից ծովում իրականացվող գործողություններին արտաքին աջակցության վերաբերյալ ենթադրությունները։
Սակայն նրանք նշել են, որ այս՝ ավելի լայն հարցն ավելի ու ավելի է հետաքրքրում ԱՄՆ քաղաքականություն մշակողներին: Նրանք դիտարկում են, թե ինչպես են Ռուսաստանը, Իրանը (և մյուս գործընկերները) ստեղծում մատակարարման ցանցեր, որոնք ավելի քիչ խոցելի են պատժամիջոցների, ծովային ճնշման և արևմտյան ազդեցության այլ ձևերի նկատմամբ։
Այդ ցանցերի ստեղծման գործում աշխարհագրությունը վճռորոշ նշանակություն ունի։
Ի տարբերություն նախկին, այսպես կոչված, «Սիրիական էքսպրեսի», որը Բաշար Ասադի կառավարությանն էր մատակարարումներ անում, Կասպից ծովը փակ, ցամաքով շրջապատված ջրային ավազան է։
«Սիրիական էքսպրեսը» մատակարարումներ էր հասցնում Սիրիա Միջերկրական ծովի ծովային ուղիներով և Բոսֆորի նեղուցով: Սիրիայի քաղաքացիական պատերազմի (2011-2024) ընթացքում այդ մատակարարումները երկիր էին հասնում մասնավորապես՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի դեսանտային ռազմանավերով:
Ռուսական տեխնիկան կարող է բեռնվել այնպիսի նավահանգիստներում, ինչպիսիք են Օլյան կամ Աստրախանը, այնուհետև տեղափոխվել Կասպից ծովով՝ այդ երթուղին պոտենցիալ դարձնելով շահավետ մեծածավալ բեռնափոխադրումների համար։ Ծովային տրանսպորտը կարող է նաև այս ճանապարհով երթևեկությունը իրականացնել համեմատաբար գաղտնի եղանակով։
«Դուք կարող եք ավելի մեծ քանակություն ուղարկել, և միևնույն ժամանակ դա անել ավելի աննկատ ձևով, - ասել է Հովարդը՝ հավելելով, - Դա շատ գաղտնի և անվտանգ է»։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն կարող պարզապես մտնել Կասպից ծով»,-ասել է նա՝ բնութագրելով տարածքը որպես ռուսական պաշտպանված «բաստիոն», որտեղ արևմտյան ռազմածովային ուժերը անմիջական մուտք չունեն։
Սակայն, մյուս կողմից՝ Կասպից ծովը հասանելի է Ուկրաինայի համար։
Ռուսաստանի ռազմական և տնտեսական թիրախների դեմ Ուկրաինայի ընդլայնվող հեռահար հարվածների արշավն ավելի ու ավելի է ազդում Կասպից ծովի հյուսիսի ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ Դաղստանում։
Անցյալ ամիս Կիևը հարվածել է իրանական առևտրային նավի, իրանցի նավաստի էր զոհվել։ Դրանից հետո Թեհրանը փոխհատուցում է պահանջել և սպառնացել՝ պատասխանելու է: