Իրանը պատրաստ էր Ուկրաինային հարվածել՝ ի պատասխան հուլիսին Կասպից ծովում Կիևի կողմից իրանական բեռնանավի թիրախավորման, սակայն չեղարկել է հարձակումը, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։
Հուլիսի 29-ին Թեհրանի մտադրության և դրա փոփոխության մասին The New York Times-ն էր հաղորդել՝ հղում անելով իր աղբյուրներին, սակայն Թեհրանից չէին հաստատել տեղեկությունը։
«Մենք պատրաստ էինք Ուկրաինայում երեք թիրախի հարվածել, բայց երբ նրանք ասացին, որ հարձակումը սխալմունք էր, մենք կասեցրինք մեր պատասխանը՝ ուսումնասիրելու նրանց պնդումը», - նախօրեին պետական հեռուստատեսությանը հայտնել է Մոհսեն Ռեզային։
Նա, սակայն, ավելացրել է, որ ցանկացած դեպքում Ուկրաինան ստիպված կլինի վճարել նավի վրա հարձակվելու համար, ինչին Կիևից դեռևս չեն արձագանքել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Ըստ Կիևի՝ նավը Իրանից անօդաչուների և հրթիռների կառուցման համար մասեր էր տեղափոխում Ռուսաստան։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան իրեն հավաստիացրել է՝ նավի վրա հարձակումը միտումնավոր չէր, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։