Տարեվերջին բանակում մահացած 18-ամյա Սմբատ Կիրակոսյանի մոր՝ Արմինե Սահակյանի հարցերը 43 օր է անպատասխան են:
«Վստահել եմ, ու ցավալին այն է, որ դեպքը տեղի է ունենում խաղաղ պայմաններում: Դա նշանակում է, որ մեր գերատեսչությունը, պաշտպանության ոլորտը տեղում չի, - ասաց նա՝ նշելով, - մեր երկրի ղեկավարությունն ասում ա, որ պատասխանատու ա զինվորի կյանքի համար: Դեպքը տեղի ա ունեցել, ինձ ո՞վ ա պատասխան տալու: Մեր երկիրն ինձ ինչո՞վ ա պատասխան տալու»:
10 ամիս առաջ որդուն մեծ հույսերով էին ճանապարհել բանակ: Սպասում էին, որ դեկտեմբերի 14-ին Իջևան կգնան՝ զորամաս, Սմբատի տարեդարձը նշելու: Սակայն ծնունդից ընդամենը մեկ օր առաջ ստանում են սահմռկեցուցիչ լուրը. Սմբատն այլևս չկա:
Քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սմբատին մահվան հասցնելու համար ծառայակիցն է կալանավորվել: Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում՝ նշելով, որ ակտիվ քննություն է ընթանում:
«Պաշտպանության նախարարը ինչի՞ չի կանգնում, ասի՝ «հարգելի ծնող, ցավակցում եմ, էդ կորուստը նաև իմ մեղքի պատճառով ա, իմ բացթողումների պատճառով ա, որ չեմ կարողանում մի ոլորտ վերահսկեմ, որ սենց բան ա տեղի ունենում», - ասաց Արմինե Սահակյանը:
Զինվորի մահը վիճակագրություն չէ. ընդհատվեց մի երիտասարդ կյանք, որ այնքան երազանքներ ուներ, ոգևորությամբ էր սպասում բանակից հետոյին, պատմում է որդեկորույս մայրը. «Չեն պատկերացնում, որ ամեն մեկը մի ընտանիքի սյուն ա, մի ամբողջ կյանք ա: Մի զինվորի, մի էրեխու կորուստ ամբողջ մի ընտանիքի կյանք գլխի վրա շրջում ա, իրանք չեն պատկերացնում, չգիտեն էդ ինչ ա, որովհետև դա իրանց չի հասնում»:
Սմբատը մոր հետ զրույցներում հաճախ է պատմել բանակում տիրող իր համար խորթ բարքերի մասին։ Զարմացել, թե ինչպես կարող են սպաները չնկատել ագրեսիվ վարքագիծը, ստորացուցիչ բառապաշարն ու տիրող անհավասարությունը։
«Զարմանում էր, ասում էր՝ իրենց մոտ կային տղաներ, որ ագրեսիվ էին, ու դրանից մյուսները երևի վախենում էին, կաշկանդված էին: Ասում էր՝ ես զարմանում եմ՝ ոնց կարա զամպալիտը դա չնկատի, ոնց չեն ինչ-որ բան ասում», - պատմեց Արմինե Սահակյանը:
Մայրը հիշում է որդու պատմածները «արտոնյալների» մասին․ դատավորի հարազատ, որ շրջում էր թանկարժեք հեռախոսով, շարք կանգնում առանց զինվորական կոշիկի. «Ինչի՞ իմ ոտքերը ցավան, ես դա ստիպված հագնեմ, բայց ինչա էդ մյուսը էն մյուսի տղան ա, տենց բան չանի: Իրան ոչ ոք չի կարա ասի՝ «էդ ինչ ա խոսում»: Էդ չի վերացել ու էդ ցավալի ա, քրեական մշակույթը բանակում տիրում ա»:
Այս անհավասարությունը տեսանելի էր չէ՞ ղեկավար կազմին՝ հարցնում է երիտասարդ կինը: Արդյոք որդին այդ բարքերի զոհն է դարձել. «Էդ տարբերակը չեմ բացառում, իրա տեսակը լինելու, մտածում եմ, հա, դարձել ա դրա զոհ ու իրա նման լիքը մարդիկ դառնում են դրա զոհ»:
Ի վերջո, ինքնասպանություն, թե՞ սպանություն էր: Ծանր կորստի տակ կքած մայրը չի կարողանում կանգ առնել մի պատասխանի վրա. «Կոնկրետ չեմ կարողանում գալ ինչ-որ մի կետի կանգնել ու հասկանալ: Ես նույնիսկ մտածում եմ՝ միգուցե թշնամին ա եկել, արել ու գնացել: Մտածում եմ՝ եթե նույնիսկ ինքն ա արել, կողքը ինչ-որ մեկը կանգնել ու ստիպել ա, հիմա ես ամեն ինչ մտածում եմ»:
Այս ողբերգական դեպքը դիրքերում է եղել: Մայրը պատմում է, որ չնայած վաշտի մասին բացասական կարծիքին, որդին դիրքերից գոհ էր, ոգևորությամբ էր պատմում այդ մասին. ի՞նչ, ինչո՞ւ, ինչի՞ համար. սգավոր մայրը պատասխաններ չունի: Ծեծ չի եղել, որդին չի բողոքել, չի ասել՝ «փող ուղարկեք, որ ինչ-որ մեկին տամ», չի ասել, որ անձնական խնդիրներ ունի: Միակ մեղադրյալ զինվորի մասին խոսելիս մայրն ասում է՝ այդ տղան մյուսների նկատմամբ իշխող դիրք է ունեցել, որդին նաև նրան նկատի ուներ, երբ մորը պատմում էր վատ բարքերի մասին:
«Իրա ծնունդից մի օր առաջ էդ դեպքը տեղի ա ունեցել ու չգիտեմ՝ ինչ ձև, ոնց»:
Մինչ Արմինեն փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ է իր կյանքով լեցուն որդին դիրքերում մահացել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր վերջին ասուլիսում խոսում էր «շոշափելի արդյունքների» և «կարգապահության բարձրացման» մասին։ Ասել էր՝ անցած տարի բանակում վեց մահվան դեպք է գրանցվել, որոնցից երկուսը ինքնասպանություն են որակվել, իսկ սպանության դեպք չի եղել:
«Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, և պիտի կարևորեմ 2025-ը, որովհետև 2025-ին մենք ունենք շոշափելի արդյունքներ», - ասել էր Պապիկյանը:
Նախարարի գոհունակությունը հակադրվում է 40-ամյա մոր իրականությանը։ Նա պնդում է՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն ղեկավար զինվորականները, որոնց անգործության հետևանքով երիտասարդ կյանքեր են ընդհատվում. «Տղան ասում ա՝ սա՞ ա բանակը, ես ո՞նց եմ գնալու ծառայեմ: Ես որպես մայր ո՞ւմ վստահեմ, ինչի՞ն վստահեմ»:
Տան պատերին Սմբատի քանդակներն ու նկարներն են։ Մանկուց ստեղծագործում էր ու պատրաստվում էր բանակից հետո շարունակել ուսումը համալսարանում։ Այսօր այդ երազանքների փոխարեն նրա ընտանիքում անորոշություն է ու վախը ապագայի հանդեպ։
«Ո՞նց բանակ ճանապարհեմ կրտսեր որդուս», - հարցնում է թարմ վերքից ուշքի չեկող 40-ամյա մայրը: