Շիրակի մարզում այս ամառ արդեն չորրորդ ավերիչ կարկուտն է տեղում: Երեկվա տեղումներից հատկապես հինգ գյուղեր են շատ տուժել, առավել շատ՝ Գոգհովիտն ու Հողմիկը: Կարկուտին գումարվել է ուժեղ քամին, էլեկտրական սյուներ է տապալել, դուռ ու պատուհան, տանիքներ կոտրել:
77-ամյա Արշալույս Մանուկյանը կես ժամ տևած տեղումներից հետո նաև իր դաշտն է ավերված գտել. - «Մենակ էս արտից մի 250 հազար դրամի վնաս է՝ մենակ ստեղից: Էնտեղ տնամերձ հողամաս կա, տաս հատ ծառ կա՝ մոտավորապես մի տոննա ու կես տանձ կեղներ, չկա, կարտոշկա կա՝ էլի չկա»:
Մի քանի օրից խոտն էին քաղելու, հետո հերթը հասնելու էր ցորենին ու գարուն: «Չհասցրեցինք, կարկուտը մեզնից շուտ քաղեց», - ասում են գյուղացիները:
«Մոտավորապես էս արտը, խոսքի ունեցել եմ ես տարեկան մի 120-130 հատի խոտի տուկի եկամուտ, էս տարի մոտավորապես մի 200 հատի ակնկալիք ունեի, բայց հիմա էս պահի դրությամբ ես չեմ իմանում՝ կքաղվի, չի քաղվի, շատ վատ վիճակ է, տեսնում եք, սաղ պառկել է», - «Ազատությանը» ասաց նրանցից մեկը;
82-ամյա Արմանուշ տատը իր ձեռքով է տնամերձ հողամասը մշակում, տարեց կնոջ չարչարանքը ջուրն է լցվել. - «Երկնքից քարե կարկուտ թափել է ժողովրդի գլխին, սաղ ավիրել է՝ բոստան, տուն, դուռ, ծառներս՝ էսիկ ջոկ, այգին ջոկ, ցանածներս ջոկ»:
Հենափայտով տեղաշարժվող կինը այգին է ցույց տալիս, կոտրված ծիրանենին, որ փորձել է փրկել, բայց չի ստացվել. - «Էս ծիրաններս արդեն բերքի տակ էին, իրիգունը հելա կապեցի, որ կարող է բռնե, էն էլ օգուտ չտվավ»:
Ամեն մեկն իր տնամերձն էր շտապում ցույց տալ՝ ակնկալելով, որ պետությունից վնասի փոխհատուցում կստանան: Իրար հարևան Գոգհովիտ ու Հողմիկ գյուղերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Հողմիկի վարչական ղեկավար Անդոկ Պողոսյանն ասում է՝ առանց այդ էլ վերջին տարիներին անասնագլխաքանակը կրճատվել էր, հիմա, երբ գյուղացին խոտ չունի քաղելու, ստիպված կլինի էլի կրճատել:
«Խոտը ամբողջովին, նույնիսկ էդ խոտհարքները, ընդհանուր խոտը էն կարգի է պառկել, որ նույնիսկ քաղելու հնար չկա, էլի: Դե իհարկե էդ ամեն ինչից ելնելով՝ խոտի գինը կբարձրանա, կամ մարդիկ ստիպված պետք է իրենց անասունները նորից, առանց էդ էլ անասունների գլխաքանակի կրճատում կար, էս եղանակն էլ արդեն ավելի կնպաստե, մարդիկ պետք է սկսեն էդ անասունները ավելի շատ վաճառել», - նշեց Պողոսյանը:
Դաշտերում շրջած վարչական ղեկավարն ասում է՝ բերքից գրեթե ոչինչ չի մնացել. - «Էս ամբողջ դաշտը մարդկանց հացն էր, մարդիկ տանջվել, ցանել էին հեկտարներով, որ ցորեն քաղեին, իրանց հացն էր: Դե էսօր չկա էդ ամեն ինչը, կարելի է ասել՝ ոչ մի բան, գյուղացին էլի մնաց ալյուր առնելու հույսին»:
Երեկ ուժեղ քամին նաև Արմավիրի մարզի գյուղերին է զգալի վնասներ հասցրել, տասնյակ հենասյուներ տապալել, տների տանիքներ քշել: Այսօր գյուղացիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով վնասի փոխհատուցում:
Չնայած անցած ամսվանից Հայաստանի տարբեր մարզերում ավերիչ կարկուտներ են տեղում, Կառավարությունն առայժմ չի հստակեցրել՝ վնասը կփոխհատուցի՞, թե՞ ոչ: Հստակ է մեկ բան՝ փոխհատուցում կստանան գյուղատնտեսական ապահովագրություն ունեցողները, իսկ մյուսների վնասն առայժմ գույքագրում են համայնքապետարաններում ու մարզպետարաններում, որ հետո տվյալները գործադիրին փոխանցեն: Հունիսի 19-ի կարկուտից հետո միայն Գյումրիում, օրինակ, քաղաքապետարանը փոխհատուցման 2 հազար 200 դիմում է ստացել քաղաքացիներից: