Մատչելիության հղումներ

«Ահռելի վնասներ է հասցրել». կարկուտից տուժած գյումրեցիները փոխհատուցում են ակնկալում

Կարկուտից տուժած գյումրեցիները դիմում են քաղաքապետարան՝ վնասների փոխհատուցման ակնկալիքով։

Ուրբաթ օրվա կարկուտից ջարդուխուրդ եղած մեքենայի լուսանկարով այսօր քաղաքապետարան էր շտապել գյումրեցի Սաշա Եղիազարյանը՝ հույսով, որ գուցե վնասը փոխհատուցեն: Այլ քաղաքացիներ ևս իրենց վնասված մեքենաների, ջարդված պատուհանների, տանիքների լուսանկարներով էին եկել:

Դիմումների վերջնաժամկետն այս ուրբաթ է: Դրանք նախ համայնքապետարաններն են ընդունում, այնտեղից մարզպետարան, հետո կառավարություն ուղարկվում: Փոխհատուցում կլինի, թե՝ ոչ, գործադիրը կորոշի:

Փոխհատուցման նախադեպեր ամեն դեպքում կան, օրինակ, այս գարնանը՝ համապետական ընտրությունների նախաշեմին կառավարությունը որոշեց փոխհատուցել 2024 և 2025 թվականներին Շիրակի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին՝ հեկտարի հաշվով 50 հազար դրամ: Առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում կընդունի կառավարությունն այս անգամ, բայց Գյումրիի քաղաքապետարանում այսօր մեծ հոսք կար:

«Ուրբաթ օրվա դրությամբ 161 դիմում մուտքագրած ունենք, իսկ այսօրվա դրությամբ՝ մոտ 500 դիմում, որոնք վերաբերում են և՛ ավտոմեքենայի, և՛ շենքի տանիքներին, տան տանիքին, ինչպես նաև կոտրված պատուհաններին, այգիներին, վնասված ծառերին, դիմումները շատ են: Ներկա պահին 500 դիմում ունենք», - ասաց Գյումրիի քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի պաշտոնակտար Սեդա Կրապաշյան:

Այսօր ավարտվում է նաև հունիս 10-ի կարկուտից տուժածների դիմումների ընդունման ժամկետը: Այս դեպքում արդեն տուժածների հստակ թիվ կա. «Մոտ 170 դիմում ունենք, որոնք արդեն առաջ ենք տվել»:

Վերջին կարկուտից զգալի վնաս են կրել նաև տեղի ջերմոցները: Մայիսյանցի Էդմոն Հարությունյանը ջերմոցի ապակիները կոտրված, պոլիէթիլենային թաղանթը ամբողջությամբ ծակծկված էր գտել: Երեք օր է անցել, բայց կոտրված ապակիները դեռ չեն կարողացել հավաքել:

«Ահռելի վնասներ է հասցրել, մոտ մի 3000 քառակուսի ապակի ամբողջությամբ կոտրվել է: Մոտավոր 5000 քառակուսու չափ էլ պոլիէթիլենային ցելոֆանն է վնասվել», - ներկայացրեց նա:

Մի կողմից ռուսական սահմանափակումների պատճառով վարդերի իրացման խնդրի առաջ է կանգնել, մյուս կողմից էլ այս աղետը: Ջերմոցատերն ասում է՝ նախնական հաշվարկով մոտ 10 մլն դրամի վնաս է կրել:

Ջերմոցային տնտեսությունը վարկերով են հիմնել, հիմա դրանք մարելու լուրջ խնդիր ունեն. «Մոտ 80 միլիոնի վարկ ունենք, ձմեռը մի կերպ բարեկամից, հարևանից ոսկի դնելով գազը մի կերպ վճարել ենք, որ գոնե գարունը, հիմա համ վարկ տանք, համ պարտք փակենք, համ էլ տուն պահենք, էն էլ հակառակը ստացվեց: Հիմա էլ փակել են՝ ո՛չ արտահանում կա, ո՛չ բան կա, կեսը թափել ենք, էսօր նորից պիտի քաղենք, մտածենք՝ ոնց վաճառենք, չգիտենք»:

Միայնակ, առանց պետական աջակցության, ասում է, դժվար կարողանան վնասը վերականգնել: Իսկ Շիրակում ջերմոցային տնտեսություն հիմնելն ու պահելը ավելի մեծ ծախս է պահանջում հատկապես ջեռուցման առումով, քանի որ կլիման ավելի ցուրտ է: Հիմա երբ օգուտ էին ստանալու, վարդերի իրացումը չկա, իսկ ծախսերը միայն ավելանում են:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG