Մատչելիության հղումներ

Կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզում

Գիշերվա կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզում. Գյումրիում տներ, խանութներ է լցվել, իսկ գյուղերում էլ՝ ցորենի դաշտերն ավերել: Տեղումներն այնքան ինտենսիվ են եղել, որ օրվա երկրորդ կեսին կարկուտը ոչ միայն չէր հալվել, այլև սառցե բեկորների էր վերածվել: Թեև քաղաքի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ էին, բայց սառույցն ամբողջությամբ մաքրել չէր հաջողվել:


Այսպիսի աննախադեպ տեղումներ շիրակցիները նաև 2020-ի ամռանն էին տեսել:

Ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ երեկ գիշերը կարկուտը դուռ ու պատուհան էր կոտրել ու լցվել Ավագյանների տուն: Հազիվ էին հասցրել քնած երեք երեխաներին փրկել:

Վեց տարի առաջ Ավագյանների ընտանիքը նյութական մեծ վնաս էր կրել, բայց տան անդամներից ոչ մեկին ոչինչ չէր պատահել: Այս անգամ տիկին Լիլիկի բախտը չբերեց, թոռանը փրկելիս ընկել է ու կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվել: Վաղը կնոջը կվիրահատեն:

Անցած անգամվա վնասը մի կերպ վերականգնած Ավագյանների նոր գույքը դարձյալ կոտրվել է, տան տեխնիկան՝ շարքից դուրս եկել: Տանը կուտակված կարկուտը մաքրելու համար օգնության էին հասել ազգականներն ու փրկարարները:

Կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի ցանքատարածություններին: Գյուղացիներն այսօր առավոտյան դաշտ էին շտապել ու բերքն ավերված գտել.

«Հասկի մեջը արդեն կարկուտը խփել, լրիվ ոչնչացրել է, սրանք էլ բերք չեն տա: այ էս վերևի հատվածը կիսել տարել է», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

«Էսքան վնասից հետո, եթե պետությունը չկանգնի մեր կողքը, մենք երբեք էլ չենք շտկի: Պատկերացրեք՝ յոթ հեկտար ու կես՝ սերմ, վար, ցանքս, կուլտիվացիա, դեղերը, պարարտանյութը՝ յուրաքանչյուր հեկտարի հաշվով մոտավորապես մի 250 հազար դրամ [ներդրվել է. - խմբ.]», - նշեց մյուսը:

Մի քանի օրից նոր կերևա, թե ինչ վնաս է հասցվել ցանքատարածություններին: Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այն շատ մեծ է.

«Էստեղ եթե տասը ցողուն փունջ անենք, տասը ցողունից յոթ հատ-ութ հատը արդեն վնասված է: Մի չորս հետո երբ որ կարողանանք հստակ դաշտում քայլել, ավելի հստակ կարող ենք դրա մասին տեղեկատվություն տալ: Բայց որ ուժեղ էր կարկուտի ուժը, էդ փաստ է»:

Շիրակի մարզպետի փոխանցմամբ՝ մարզային հանձնաժողովներով կգնահատեն կարկուտի հասցրած վնասը և շուտով կունենան ամբողջական պատկեր: Փոխհատուցման մասին դեռ ոչ մի խոսք:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG