Մատչելիության հղումներ

Ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել Գյումրիին և մեկ տասնյակ այլ համայնքների

Երեկ տեղացած ուժեղ կարկուտը դարձյալ զգալի վնաս է հասցրել Գյումրիին ու մեկ տասնյակ այլ համայնքների: Գյումրիի Մուշ ու Անի թաղամասերում կայանված տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել:

«Բոլոր մեքենաները թաղում կանգնած, ինչքան որ տեսնում եք, ավիրեց, ցխեց... էս խոշորը արդեն հալել է, քանի ժամ անցել է, բայց մտել է արդեն մեքենայի մեջ, նույնիսկ էնտեղ պարզ կերևա՝ ինչ է ավիրել, խփել-ջարդել։ Բացի դիմապակուց՝ լրիվ ավիրված է, փոխելու ենթակա է, կոտրված է։ Նույնիսկ պոկվել է ներկը, ամբողջական պոկել, հարվածի ուժն է, երևում է։ Էդ խոշորությամբ մի 4-5 րոպե տևեց, բայց ընդհանուր առմամբ, հետո փոքրացավ, անձրև դարձավ.... Բայց էդ առաջին հարվածները հենց էս փորձանքն էր, էս վնասարարությունն էր, հենց սկզբի հարվածն էր։ Ես չեմ հիշում, ես չեմ տեսել էսպես բան, առաջին անգամ էդ չափի կարկուտ տեսանք, չի եղել, մեծերը չգիտեմ, ավելի մեծ մարդիկ կհիշե՞ն, էս չափի կարկուտ Գյումրիում ես չեմ հիշում»։

Երեկոյան փրկարար ծառայության աշխատակիցները նկարում ու գույքագրում էին ջարդուխուրդ եղած մեքենաները: Բոլորի ակնկալիքը մեկն էր՝ վնասը փոխհատուցվի:

«Ապահովագրություն ենք զանգում, ոչինչ չեն անում... Մենք էլ ոչինչ չենք կարող անել, տաքսի քշող ենք... Մարդկանց տների տանիքները քամին քշում է՝ փոխհատուցում են, գելը մտնում է ոչխարներին ուտում է՝ փոխհատուցում են, կարկուտ լցվում է տները՝ փոխհատուցում են։ Թող մեզ էլ մի բան անեն, մենք էլ մեր ավտոները սարքենք», նշում է բնակիչներից մեկը։

Կարկուտը զգալի վնաս է հասցրել Գյումրիին ու մեկ տասնյակ այլ համայնքների
Կարկուտը զգալի վնաս է հասցրել Գյումրիին ու մեկ տասնյակ այլ համայնքների

Նաև շենքերի տանիքներ ու պատուհաններ են ջարդվել, Մուշ թաղամասում գործող վարդերի ջերմոցային տնտեսությունը ևս մեծ վնաս է կրել: Կարկուտից կարճ ժամանակ անց առաջին կադրերը Հայկավան գյուղից հայտնվեցին: Ձվի մեծությամբ հատիկները գյուղի դաշտերը, մեքենաներ, տանիքներ, արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ են վնասել, փոխանցեց Հայկավանի վարչական ղեկավարը:

«Գյուղում ունենք 550 հեկտարից ավել հացահատիկի ցանքատարածություն։ Էս կարկուտի պատճառով 90 %-ը վնասվել է, գրեթե ամբողջությամբ, բան չի մնացել հնձելու։ Հիմնականում կարկուտի խոշոր լինելու պատճառով 37 հատ մեքենա, որը տեսաք, էդ աստիճանի վնասվել է, տաքացուցիչներ, արևային կայաններ, կտուրներ, չափից դուրս շատ կտուրներ են վնասվել»։

Հայկավանցի Ջիվան Հովհաննիսյանի և՛ մեքենան էր վնասվել, և՛ արևային կայանը, և՛ ցանած ցորենն ու գարին: Կարկուտի պահին որդու հետ դաշտում է եղել: Նույնիսկ տրակտորի տակ թաքնվելով՝ գլխին վնասվածք է ստացել:

Կարկուտից վնասվել են նաև արևային կայաններ
Կարկուտից վնասվել են նաև արևային կայաններ

«Էս իմ մեքենան է, վնասվել է կարկուտից, երեկվա՝ 19։10-ի սահմաններում։ Ամբողջությամբ, կարելի է ասել, վնասվել են ցանած դաշտերը՝ գարին, ցորենը... Մոտ մի 5-6 հեկտարի կարգի ցանքս ունեի, մի 7 հեկտար խոտածածկ, ամբողջությամբ տարել է, բան չի թողել։ Արևային կայան էր տանիքին դրած, պանելներից՝ 8 հատ։ Մեքենաս է վնասվել ամբողջությամբ։ Ճակատիս է կպել, էս վնասվածքը՝ կարկուտի հետևանքն է, դաշտում եմ եղել, չեմ հասցրել փախչեմ... Տրակտորի տակ եմ մտել, էդ ժամանակ արանքներից չգիտեմ ինչ ձևի՝ հարվածը հասավ»։

Ասում է՝ «նման չափի ու ուժգնության կարկուտ տեսած չկար»։

«Կոֆեի բաժակի չափ, կարելի է ասել, բեկորներով իրար վրա հավաքված, խոշոր-խոշոր էին։ Ահավոր բան էր, ես չգիտեմ, ես արդեն 47 տարեկան տղա եմ, գյուղում ծնվել-մեծացել եմ, էդ կարգի կարկուտ չեմ տեսել... Երևի մեր մեծերն էլ չեն տեսել», նշեց մեր զրուցակիցը։

Մարզի բնակիչները նշել են, որ նման խոշոր չափի կարկուտ չէին տեսել։
Մարզի բնակիչները նշել են, որ նման խոշոր չափի կարկուտ չէին տեսել։

Մարզպետի որոշմամբ ձևավորված հանձնաժողովն այժմ տուժած համայնքներով է շրջում: Առաջիկայում ապահովագրական ընկերությունները պետք է ապահովագրված ցանքատարածությունների վնասը գնահատեն: Թեպետ հանրապետությունում ապահովագրման պայմանագրերն ամենաշատը Շիրակում են կնքվել, բայց դա ցանքատարածությունների մոտ տասը տոկոսն էլ չի կազմում:

«Ովքեր ունեն ապահովագրական պայմանագիր, պայմանագրային հիմունքներով, փորձագետի գնահատումից հետո կստանան փոխհատուցումներ, իսկ էն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել կամ չեն ապահովագրել իրենց տարածքները, իրենք համայնքների կողմից կհաշվառվեն, պատկերացում կունենան, թե ինչ ծավալի մասին է խոսքը՝ ինչ գումար է, ինչքան վնասի մասին է խոսքը», նշել է գյուղվարչության պետը։

Գույքային վնասներն արձանագրում են համայնքները, որտեղից կուղարկվեն մարզային, ապա՝ հանրապետական հանձնաժողով:

Նման ուժգին կարկուտ Շիրակի մարզում նաև ինը օր առաջ էր գրանցվել, ընդ որում, դրա վնասների գնահատումը դեռ չի էլ ավարտվել: Նման անոմալ կարկտահարության դեպքերը մասնագետներն ավելի շատ կապում են կլիմայի փոփոխության հետ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG