Ոսկեհասկում ապրող Աշոտ Առաքելյանի դեպքում «կարկուտը ծեծած տեղն է ծեծել». Ամիսներով մշակած մոտ 30 հեկտարն արդեն երկրորդ անգամ է գրեթե հողին հավասարվել, տուն բերելու, ամբարելու ոչինչ գրեթե չկա:
«Կարտոֆիլը հըլը նոր էր ծլել...գարի, ցորենից ընդհանրապես հույս չկա. հողին է հավասարեցրել, կուկուռուզն էլ ջարդվել է, հըլը չգիտենք...Վնասը հաշվելու բան չկա, 100 տոկոս է»,- պատմում է Առաքելյանը:
Աշոտ Առաքելյանի պես երեկվա կարկուտից հետո վնասներն են հաշվում նաև Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի ու Ախուրյանի բնակիչները։ Ասում են՝ անցած տարվա վնասի փոխհատուցում կառավարությունը տրամադրեց, բայց՝ քիչ էր: Մեկ հեկտարի համար 50 հազար դրամ: Գյուղացու խոսքով.- «Ես չէի ասի, թե դա փոխհատուցում է»:
Գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն էլ մոտ 27 հեկտար ցորեն ու գարի ուներ ցանած: 2-րդ տարին է՝ ինքն էլ համագյուղացիների պես եղանակի պատճառով տուժում է:
«էստեղ քաղելու բան հնարավոր չէ ընդհանրապես, 100 տոկոսով վնասված է: Մի հեկտարի հաշվով 200-250 հազար գումար էինք ծախսել: Հա՛մ ուժեղ, խոշոր կարկուտ էր, հա՛մ ուժեղ քամի...հողին է հավասարվել»,- ասում է Մուշեղ Սահակյանը:
Փոշմանել է, որ չի հասցրել ցանքատարածություններն ապահովագրել: Եթե ապահովագրեր, ապա100 տոկոս վնասի դեպքում՝ ներդրած գումարը հետ կստանար, ասում է՝ «փոշմանել ենք ու էդ չապահովագրելու միակ մեղավորը մենք ենք»:
Կառավարությունն այս տարվանից է կարկտահարության դեպքերը ներառել ապահովագրվող դեպքերի ցանկում: Շիրակի մարզում ընդամենը 2750 հեկտար է ապահովագրվել՝ ամբողջի մոտ 10 տոկոսը: Գումարի չափը մեկ հեկտարի համար 6-10 հազար դրամ է կազմում: Գյուղացիների 90 տոկոսը, փաստացի, այդ հնարավորությունից չի օգտվել:
Նորիկ Մարտիրոսյանը մեծ մասը վարկերով է ցանքն արել ու արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ կանգնել վնասված դաշտի առաջ.
«Սաղ վարկ է, երկար տարիներ այդ վարկերի հետ է իմը կապված, առանց վարկի ոչ մի գյուղացի չի կարող իր գործն անել: Էս պահի դրությամբ ես 6 միլիոնից ավելի վարկ ունեմ, որից 2 միլիոնը սուբսիդավորում եմ ստացել, մնացածը սաղ՝ ոսկի, բանկերից վերցված...»,- ասում է Մարտիրոսյանը:
Մարզպետի հանձնարարությամբ ձևավորված հանձնաժողովը ցանքատարածություններով է շրջելու, գույքագրելու ու կառավարություն ներկայացնելու: Փոխհատուցում կլինի, թե՞ ոչ՝ գործադիրի որոշելիքն է:
Մանրամասները՝ տեսանյութում.