Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

10:50

Վեհափառը Ծիծեռնակաբերդ այցելեց պաշտոնյաներից առանձին

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը: Ինչպես նախորդող տարիներին, այս անգամ ևս Վեհափառը հուշահամալիր այցելեց պաշտոնյաների այցից հետո:

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:

Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվել է հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ, կադրում չի երևացել Մայր Աթոռի պատվիրակության այցը:

10: 35

ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների»,- ասված է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով, նշվում է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում.

«Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:


10:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Աննա Հակոբյանը՝ պետական պահպանության ավելի քան տասը աշխատակիցներով շրջապատված:

«Ազատությունը» հետաքրքրվեց՝ իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական այս փուլում կդադարեցնի՞ բարեգործական ծրագրերը, Հակոբյանը չպատասխանեց։ Նրա անվտանգության աշխատակիցները լրագրողներին քաշքշեցին ու թույլ չտվեցին նրան մոտենալ և այլ հարցեր ուղղել։

Նախօրեին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարեց, որ «ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:

09:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

09:00

Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք տանող բոլոր ճանապարհները վաղ առավոտյան փակ էին՝ մինչև պաշտոնական արարողությունների ավարտը:

Քաղաքացիների շարժը դեպի հուշամալիր արգելված էր, լրագրողների մուտքը ևս չէր թույլատրվում: Պաշտոնական արարողություններից անմիջապես հետո՝ դեպի հուշահամալիր տանող ճանապարհները բացվեցին:


08:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը.

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասապնության, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, - իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»,- ասել է Փաշինյանը, նշելով, թե չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա.

«Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր»,- ասել է Փաշինյանը:

«Մենք ունենք պետություն և խաղաղություն: Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կմ տարածքից դուրս: Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում ասել է վարչապետը:

08:09

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Երևանն ու Անկարան չորս տարի է՝ 2022-ից բանակցում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, սակայն, դեռ թղթի վրա է մնում։ Պաշտոնական Երևանից հայտարարում են՝ Հայաստանը պատրաստ է, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ավելին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում լրագրողներին ասել էր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է:

Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթ դեպի հուշահամալիր: ՀՅԴ-ի կազմակերպած երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը գնահատել է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ:

«Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետը նախորդ տարի ևս դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը:

Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG