Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Աննա Հակոբյանը՝ պետական պահպանության ավելի քան տասը աշխատակիցներով շրջապատված:
«Ազատությունը» հետաքրքրվեց՝ իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական այս փուլում կդադարեցնի՞ բարեգործական ծրագրերը, Հակոբյանը չպատասխանեց։ Նրա անվտանգության աշխատակիցները լրագրողներին քաշքշեցին ու թույլ չտվեցին նրան մոտենալ և այլ հարցեր ուղղել։
Նախօրեին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարեց, որ «ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:
Կարճատև բաժանումից հետո՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում ուղեկցում էր Աննա Հակոբյանը: Նախօրեին լրագրողները գործադիրի ղեկավարից հետաքրքրվեցին՝ արդյոք Աննա Հակոբյանի հետ միավորվել են, Փաշինյանը պատասխանել էր. «Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»: