Մատչելիության հղումներ

Առինջում բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ գտնվող կառույցները կնքվել են. ՔԿ

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում» այսօր իրականացվող գործողությունների ֆոնին՝ Քննչական կոմիտեն հայտարարում է՝ «Աբովյան համայնքի գյուղ Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը»:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմինը կնիքել է հողամասում գտնվող որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը, նշված է հաղորդագրությունում։

ՔԿ-ի հրապարակման համաձայն՝ փորձագետը մասնավորապես նշել է, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։

«Առինջ մոլում» իրավապահների գործողություններին զուգահեռ՝ տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում:

Ակցիայի մասնակիցներն «Ազատության» հետ զրույցում պատմել էին՝ զրույցների մակարդակով լսել են՝ պատճառը գուցե իրենց տաղավարների վրայով անցնող բարձրավոլտ էլեկտրականության լարն է։ Նրանք Հարցնում էին՝ մի՞թե միայն հիմա են իրավապահները նկատել, հավաքվածները մատնացույց էին անում տարածքի այլ շինություններ, որոնք նույնպես բարձրավոլտ էլեկտրականության գծի տակ են գտնվում։

ԲՀԿ առաջնորդին պատկանող այլ ընկերություններ ևս կապարակնքված են, աշխատակիցներն էլ փաստացի հարկադիր պարապուրդի մեջ: Ավելի վաղ իրավապահ կառույցից «Ազատությանը» գրավոր հայտնել էին, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են «վարութային գործողությունների և գույքագրման նպատակով»՝ առանց որևէ այլ հավելյալ մանրամասների:

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար:



XS
SM
MD
LG