Գագիկ Խաչատրյանն արդարադատության առջև կանգնեց պառկած. Հակակոռուպցիոն դատարանի 8 աթոռների վրա, ծածկոցով փաթաթված Խաչատրյանին երեկ ուշ երեկոյան կալանավորեցին երկու ամսով:
Պետեկամուտների կոմիտեն նախագահած ու ֆինանսների նախարար աշխատած, սուպերնախարարի ու Հայաստանի ամենահարուստի համբավն ունեցող Խաչատրյանին իր տան ննջարանից, անկողնուց դիմակավոր ԱԱԾ-ականները փորձում էին դուրս բերել, Խաչատրյանն ամբողջ ընթացքում ախ էր քաշում:
«Ներարկեք, նոր տարեք», - ընտանիքի անդամների հորդորները ոչինչ չփոխեցին, ԱԱԾ-ականները պատգարակով տեղափոխեցին Խաչատրյանին:
«Պարոն փոխգնդապետ, տեղեկացված եղեք՝ ձեր գործողությունները հանդիսանում է խոշտանգում, վաղեմության ժամկետ չունի, քրեական պատասխանատվության ենթարկվելու է, ձեր դիմակը ձեզ չի փրկելու», - հայտարարում էր Խաչատրյանի փաստաբանը:
Մինչև երեկո էլ նախկին նախարարը շտապօգնության մեքենայի մեջ, դատարանի շենքի հետնամասում սպասում էր կալանքի միջնորդության քննարկմանը:
«Առավոտը 7:30-ից հնարավորություն չի ունեցել սանհանգույցից օգտվելու: Հարց եմ տալիս բոլորիս՝ 7:30-ից մինչև հիմա Գագիկ Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել սանհանգույցից օգտվելու, հիմա սա ի՞նչ վերաբերմունք է», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նիստը մինչև գիշերվա ժամը 3-ը շարունակվել է, ըստ փաստաբանի՝ դատարանն անտեսել է Խաչատրյանին հիվանդանոց տանելու իրենց միջորդությունը: Երեմ Սարգսյանը պնդում է՝ խոշտանգում են Խաչատրյանին, մարդը ցավերի մեջ, պատգարակով, երբեմն ուղղակի ծածկոցի մեջ տանում-բերում են դատարան, ու արդեն մի քանի անգամ վերջին ամիսներին: Երեկ հրապարակված տեսանյութերը այս մասին են պատմում:
«Կտորով սենց բարձրացրած, էդ տեսանյութերը որ տեսնում եք, տեղափոխում են քննչական մարմին, էնտեղ նույն ձևով, նույն դիրքով պահում են, բերում են դատարան՝ կալանքի, դատարանը մերժում է և դատարանը որոշման մեջ գրում է, որ կալանքը կարող է խոշտանգման հիմքեր պարունակել իր մեջ», - պատմեց Սարգսյանը:
Ըստ Խաչատրյանի փաստաբանի՝ դատարանը կալանքի միջնորդությունը հենց մերժում է, նոր մեղադրանք է ներկայացվում: Ոչ օրինական է համարում այս ամբողջ գործընթացը. Երեմ Սարգսյանը վկայակոչում է վերջին վեց տարում իր պաշտպանյալի առողջության վերաբերյալ հրավիրված բժշկական կոնսիլիումները, ըստ որոնց՝ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, դա Հայաստանում վիրահատել հնարավոր չէ, պիտի Գերմանիա գնա:
Նույն Խաչատրյանի նույն ողնաշարի վերաբերյալ Դատախազության տարածած հաղորդագրությունում բոլորովին այլ պատկեր է. - «Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խ.-ն կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից)»:
Այս վերջին փորձաքննությամբ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք խոչընդոտ են վարութային գործողությունների համար, իսկ եթե վիրահատության կարիք լինի, դա Հայաստանում էլ հնարավոր է, պնդում են:
«Էդ փորձաքննությունը կատարվել է բոլոր հնարավոր դատավարական կանոնների խախտումներով, շահագրգիռ իրենց կողմից ներկայացված փորձագետներով, մեր կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունն ընդհանրապես մերժել են», - ասաց Երեմ Սարգսյանը:
Այսինքն, մինչև այս՝ մյուս փորձաքննությունները, կոնսիլիումները սո՞ւտ էին, հարցնում է փաստաբանը, շարունակելով պնդել՝ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ անհամատեղելի կալանքի հետ: Նախկինում դատարանը թույլ էր տվել, որ նա մեկնի վիրահատության, բայց Քննչականը նոր մեղադրանքնով կանխել էր այդ մեկնումը:
Հանրությունը երեկվանից քննարկում է նախկին սուպերնախարարի չարչարանքները. կան տեսակետներ, որ Խաչատրյանի ցավի ձայներն այնքան էլ հավատարժան չեն, մի տեսակ զրնգուն ձայնով է տանջվում, մի մասն էլ, այս թվում՝ մի շարք իրավապաշտպաններ, սա համարում են խոշտանգում, ցավի մեջ գտնվող մարդուն անկողնուց հանելն ու հորիզոնական դիրքով դատարան տանելը անմարդկային ու նվաստացնող վերաբերմունք է, հատկապես որ դա, ըստ նրանց, կատարվում է քաղաքական առաջնորդի հրահանգով:
«Ո՞նց է լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար էնքան դատը բան է անում, հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ էդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Ձրի՞, լուրջ ե՞ք ասում: Հիմա եթե հրահանգի հարց է, ես դատաիրավական համակարգին ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ, մանավանդ որ էդ դատավորը արդեն թոշակի է գնացել, գնացեք իրա և իրա ընտանիքի ամբողջ ունեցվածը նայեք՝ Հայաստանում, Հայաստանից դուրս», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս պահանջից հինգ օր անց Խաչատրյանին իրավապահները պատգարակով հանեցին տնից ու կալանավորեցին: Բայց նրան առաջադրված մեղադրանքների շղթան սկսվում է դեռ 2019-ից ու փաստորեն կանգ չի առնում, վերջին մեղադրանքը օգոստոսի 29-ին էր: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործին գումարվեց գումարների վատնման, գույքի ապօրինի օտարման ու գումարի հանցավոր ծագումը քողարկելու գործը: Խաչատրյանն ու նրա ընտանիքը նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցով են անցնում: Ըստ Դատախազության՝ նրանցից բռնագանձման ենթակա է 193 անշարժ գույք, որից 46-ը՝ Երևանի կենտրոնում, և այլն:
Խաչատրյանի հարստության վերաբերյալ հարցադրումները նրա պաշտոնավարման տարիներից են սկսվել, նա սովորաբար հերքում էր դրանք. - «Չունեմ, նորից եմ ասում, չունեմ: Ձեր հորինած բիզնեսները որևիցե կապ չունեն իմ հետ»:
Այսօր փաստաբանն ասում է՝ Խաչատրյանին ու նրա ընտանքին պատկանող ամեն բան հիմնավորված է ու օրինական. - «Էդ գույքերը պատկանում են բոլորը Գագիկ Խաչատրյանի՞ն, իհարկե ոչ: Հիմա, մենք խոսում ենք բիզնեսին պատկանող գույքերին, որդիներին պատկանող գույքերին, անձանց գույքերին, որոնք ընդհանրապես կապ չունեն, օրինակ՝ գույքեր կան, որ վերագրում են իրենց, բայց իրենց հետ ընդհանրապես կապ չունեն»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանը կպարզի Խաչատրյանի ու ընտանիքի ունեցվածքի օրինականության հարցը, և իրենք կողմ են, որ քննությունը շարունակվի ողջ ծավալով, բայց առանց այս խոշտանգումների: Խաչատրյանի փաստաբանական թիմն արդեն Ստրասբուրգի դատարան է դիմել՝ հրատապ միջոց կիրառելու, նրան կալանքից ազատելու ու վիրահատության հնարավորություն տալու համար: