Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, հայտնում է Գլխավոր դատախազությունը: Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը ևգումարի հանցավոր ծագումը քողարկելուն։
Մասնավորապես՝
- «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացում և դրա դիմաց գույքի ձեռքբերում,
- «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում,
- Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա,
- Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ֆինանսների նախկին նախարարից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
- 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
- 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
- 14 շարժական գույք,
- շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
- շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
- շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
- շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ նշելով, որ իրականացվել են խուզարկություններ:
Քննչականը հունիսի սկզբին հայտարարել էր, որ դեռ կրթության նախարար եղած տարիներին Արմեն Աշոտյանը այնպես է արել, որ Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքն օտարվել է այն ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն: Ընդ որում, գույքի արժեքը 208 միլիոն դրամ էր: Ըստ Քննչականի, գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է Խաչատրյանների մտերիմի անունով, հետո մոտ երեք անգամ էժան՝ 75 միլիոն դրամով վաճառվել Գագիկ Խաչատրյանի որդուն: Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը աբսուրդ է որակել մեղադրանքը: