Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում․ ՄԻՊ

Կալանավորված Գագիկ Խաչատրյանի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրներն արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, իսկ մի մասը ստանում է լուծում։

ՄԻՊ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ուսումնասիրության առարկա են եղել Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև պահման պայմաններին վերաբերող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում պետությունը պետք է ապահովի նրա հատուկ կարիքներին համապատասխան ազատությունից զրկման պայմաններ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:

«Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից», - նշված է հայտարարությունում:

ՄԻՊ-ն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար:

Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը, ըստ հաղորդագրության, ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։

ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական թիմը պնդում են, որ 71-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել քննչական գործողություններին: Սա ապացուցելու համար փաստաբանները ավելի վաղ տեղի ունեցած գործողություններից տեսանյութեր են հրապարակել, որոնցից մեկում Խաչատրյանին անկողնուց տեղափոխում են պատգարակի վրա, մյուսում պատգարակով ենթադրաբար դատարանում է:

Գլխավոր դատախազությունը, սակայն, հակառակն է պնդում։ Ըստ գերատեսչության՝ հանձնաժողովային փորձաքննությամբ Խաչատրյանի մոտ այնպիսի առողջական խնդիրներ չեն արձանագրվել, որոնք կխոչընդոտեին քրեական վարույթի շրջանակում գործողություններին նրա մասնակցությանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ երեկ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։

XS
SM
MD
LG