Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան

Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ:

Մանրամասն հաշվարկներ վարչապետը չի հայտնել՝ շեշտելով, որ սրա մեջ ներառված չէ հետվճարը:

Դեռ երկու ամիս առաջ, սակայն, կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», - ասել էր վարչապետը:

Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են:

Հայաստանում 3000 դրամով թոշակներն ավելացան 2022-ին, այդչափ բարձրացում նաև դրան նախորդած ամռանը եղավ, ավելացումից կես տարի անց էլ սա որպես ձեռքբերում ներկայացնելու առիթը իշխանությունները բաց չէին թողել՝ այն պատմական որակելով։ Թեման տեղ էր գտել անգամ վարչապետի ամանորյա ուղերձում։

Չնայած տնտեսական բարձր աճին, 2024-ի համար ռեկորդային մեծ՝ շուրջ 7.4 միլիարդ դոլար կազմող պետական բյուջեին, կենսաթոշակների ավելացում այդ տարի, մինչդեռ, չեղավ: Հայաստանի գրեթե կես միլիոն կենսաթոշակառուները պետք է բավարարվեին նախորդ ավելացումներով:

Միջին կենսաթոշակն այժմ 50 հազար դրամ է կազմում։ 2020-ին այն 44 հազար դրամ էր։ Տարիների ընթացքում Հայաստանը գնաճի մեծ ալիքի տակ հայտնվեց, երկնիշ թանկացումներն ամենուր էին։ Հայաստանում այս տարիների ընթացքում կյանքը թանկացավ ավելի քան 16 տոկոսով։



XS
SM
MD
LG