Մատչելիության հղումներ

«Անտեսված է թոշակառուն, պիտի քիչ ուտես, քիչ տաքանաս». թոշակառուներն արձագանքում են իշխանություններին


Մինչ իշխանությունները պնդում են, որ կենսաթոշակն անուղղակի բարձրացրել են, 69-ամյա Անահիտ Գրիգորյանը հենց վարչապետին է առաջարկում՝ թող իր ստացած գումարով մեկ ամիս ապրի:

«Ստանում եմ ընդամենը 37 հազար 910 դրամ: Շատ մեծ գումար է, ասած պարոն վարչապետի, որ ավելանա, ի՞նչ պիտի անենք այդքան գումարը, ծախսելու տեղ չունենք: Չունենք ընդհանրապես ծախսելու տեղ, - ասում է տիկին Անահիտը, - Մտեք գոնե մի ամիս այդ թոշակառուի ապրած կյանքի մեջ, ու տեսնեմ՝ ո՞նց պիտի ապրեք դուք այդ 38 հազար դրամով»:

Իմացել ու շատ սրտնեղած է, որ տարեվերջին պաշտոնյաներն ու պատգամավորները վեցանիշ թվերով են պարգևավճարներ ստացել. «3 միլիոն դուք տաք ձեր պատգամավորներին նվեր, բայց մենք, որ ամբողջ կյանքում աշխատել ենք ու ունենք կարիք, անտեսված ենք: Ձեր կողմից անտեսված է թոշակառուն, մենք մարդ չե՞նք, չունե՞նք ապրելու կարիք»:

Սամվել Գյոզալյանը թոշակառուների նկատմամբ պետության վերաբերմունքից վիրավորված է: Թոշակը բանկային քարտով է ստանում, միշտ կանխիկացրել է ու հետվճարից չի օգտվել: Այս ամիս 42 հազար դրամ թոշակի կեսը կանխիկացրել է, մնացածով որոշել է անկանխիկ առևտուր անել ու հետվճարից օգտվել:

Հասանելի ամենաթարմ՝ 2023-ի տվյալներով տարեցտարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորիականությունը։ Այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում, 2021-ին, մինչդեռ, 1900-ի էր մոտենում։ Ընդհանուր առմամբ թոշակառուների տների մոտ 80 տոկոսի ընտանիքի անդամները օրական 2100 կալորիայից քիչ սնունդ են սպառում։ Այս վիճակագրությունը վարում են 2009 թվականից, և վերջին տվյալը երբևէ արձանագրված ամենաբարձրն է։

73-ամյա Սամվել Գյոզալյանը մանրակրկիտ հաշվարկով է ծախսում թոշակը, բայց հաշվարկները ամեն խանութ գնալուց իրար չեն բռնում՝ ապրանքներն, ասում է, օր օրի թանկանում են. «Պիտի մի քիչ քիչ ուտես, քիչ տաքանաս, քիչ նոր շոր հագնես»:

Փոխանակ թոշակառուների կյանքը հեշտացնեն, բարդացնում են, դրա համար, ըստ 74-ամյա Գրետա Քերոբյանի, ավելի լավ է թոշակը բարձրացնեն: Նա էլ շատ դժգոհ է, որ միայնակ թոշակառուների համար կոմունալի վճարումներից հետվճար չի գոյանում: Հիմա ուզի թե չուզի՝ պիտի կանխիկացնի, որ կոմունալները վճարի, քարտով էլ վճարի՝ մեկ է քեշբեք չի ստանա: Կոմունալների վճարումների համար արդեն մի քանի տարի է հետվճար չի հաշվարկվում:


Իշխանությունները մինչդեռ պնդում են, որ թոշակն անուղղակի բարձրացրել են՝ նախ քեշբեքի սահմանաչափի ավելացմամբ, որը առավելագույնը 10 հազար դրամ կարող է լինել, հետո էլ 65 տարեկանից բարձր թոշակառուներին ամսական 10 հազար 800 դրամի առողջության ապահովագրություն են հատկացրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ սա իրենց լավագույն սոցիալական ծրագիրն է, և դրանից արդեն հազարավոր քաղաքացիներ են օգտվել:

«Ստանալով ծառայությունները, որոնց գինը ոչ թե 10 հազար 800 է, ոչ թե նույնիսկ 100 հազար կամ 108 հազար, այլ 1-2 միլիոն և մի քանի միլիոն դրամ է, և ես կարծում եմ, որ սա ամենաէական սոցիալական բարեփոխումներից է 2026 թ.-ի», - ասել է նախարարը:

Թոշակը զուտ թվերով բարձրացնելու փոխարեն հետվճարով 10 հազար դրամ ստանալու հետ չհամաձայնող թոշակառուներին նախարարը թվերով է հակադարձում. «Մեր 660 հազար կենսաթոշակառուներից և նպաստառուից 378 հազարը օգտվում են հետվճարի համակարգից, 660 հազար քաղաքացիներից ընդամենը 48 հազար դրամն են ստանում կանխիկով թոշակ: Արդեն իսկ այդ թիվն ամեն օր հազարներով իջնում է»:

Ապրիլի 1-ից այլևս կանխիկ եղանակով թոշակ ստացող չի լինի, անկանխիկը դառնում է պարտադիր Հայաստանի 600 հազարից ավելի կենսաթոշակառուների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG