Մատչելիության հղումներ

«Հաց կառնեմ կուտեմ, որ 10 հազար ավելանա»․ թոշակառուները արձագանքում են Փաշինյանի հայտարարությանը


Կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանի վերջին աղմկոտ խոսքերն այժմ տարեցների զրույցների հիմնական թեմաներից է։ Սրտնեղած են, երկրի ղեկավարը պնդում է, թե իրենք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

50 հազար դրամից էլ պակաս թոշակ ստացողները մի քանի վայրկյան չմտածելով թվարկում են, թե ինչ կանեին, եթե 10000 դրամ ավելի ստանային։

«Հագած նստած եմ, քանի՞ տարվա շորեր, կոֆիկներ են։ Նորը կառնեի, կհագնեի, չունեի՞ ցանկություն։ Արժանիքներս այնքան բարձր է եղել, բայց հիմա ո՞վ է հաշվի առնողը»։

Սնունդից ու հագուստից զատ նրանք նաև շոշափելի կարիքներ ունեն, տանը սառչել չեն ուզում. «Ի՞նչ կանեի, կոմունալ վարձերը նորմալ կմուծեի, գազը կվառեի, տունս կտաքացնեի»։

Տարեցների նեղացրած խոսքերը հնչեցին մի քանի օր առաջ երկրի գլխավոր ամբիոնից. «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»։

«Նվեր կառնեմ իրեն, որ իրենք գնան արտասահման լավ ման գան, գան», - ասաց թոշակառուներից մեկը։

Վարչապետը հայտարարում է՝ 65-ն անց մարդկանց հիմնական ծախսն առողջության պահպանմանն է ուղղվում։ Ինչո՞ւ նրանց գումար տալ, որ անարդյունավետ ծախսեն։ Իրենք այդ 10000 դրամն առողջության ապահովագրության համակարգին են հատկացնում, որի միջոցով տարեցները շատ ավելին գուցե հետ ստանան։

«Ազատության» հետ զրուցած քաղաքացիները հունվարի 1-ից ներդրվող ու առայժմ բազմաթիվ հարցականներ ունեցող ապահովագրության համակարգից դրական սպասելիքներ առանձնապես չունեն։ Խոստումներին չեն հավատում։

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ միջինը 49000 դրամ կազմող կենսաթոշակը բարձրացնելը բարդ է, որովհետև նրանց թիվն է մեծ. «660000 մարդ»։

Թե ի՞նչ թիվ է ներկայացնում վարչապետը, պարզ չէ։ Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում ընդհանուր կես միլիոն թոշակառու կա, որոնց կենսամակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, էականորեն չի բարելավվում։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի վերլուծությունն, օրինակ, ցույց է տալիս՝ թոշակառուների ընտանիքներում ավելի քիչ են միս, միրգ, բանջարեղեն, ձուկ կամ հավկիթ օգտագործում։

Հասանելի ամենաթարմ՝ 2023-ի տվյալներով տարեց տարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորեականությունը։ Այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում, 2021-ին, մինչդեռ, 1900-ի էր մոտենում։ Ընդհանուր առմամբ թոշակառուների տների մոտ 80 տոկոսի ընտանիքի անդամները օրական 2100 կիլոկալորիայից քիչ սնունդ են սպառում։ Այս վիճակագրությունը վարում են 2009 թվականից և վերջին տվյալը երբևէ արձանագրված ամենաբարձրն է։

Սա վարչապետի լայնորեն քննարկվող միակ պնդումը չէ։ Նույն ելույթում Փաշինյանը կենսաթոշակառուներին առաջարկեց բիզնեսով զբաղվել. «21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասել։ 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ը ի՞նչ տարիք է։ Մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու, վերջ, ավարտվեց, ոչ։ 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է»։

«Դե թող ինքը հասնի այդ տարիքին, երբ որ կարողացավ ինձ պես քայլել, այն ժամանակ կխոսեմ, թե սաղ մնացի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Փոքր գործ ունեցողներն էլ իրենց փորձից այժմ առանձնապես գոհ չեն. «Բիզնեսը իրենք կարող են դնել, տղա ջան։ Ես ինչո՞վ եմ բիզնես դնում»։

Այս հարցում սակայն կարծիքները միանշանակ չեն։ Փաշինյանի առաջարկը ճիշտ համարողներ էլ կան։ 92-ամյա Վաչիկ Ստեփանյանը ճիշտ իր տարիքի թվով թոշակ է ստանում՝ 92000 դրամ, և սա իր հարուստ աշխատանքային փորձի հաշվին։ Բոլորովին վերջերս է գործից դուրս եկել՝ 85 տարեկանում։ Իրեն լավ է զգում ու անկեղծանում է՝ հիմնականում միայնություն է սիրում, որովհետև ավելի երիտասարդ թոշակառուների հետ շփվել չի ուզում՝ աշխատասեր չեն։

Ինքն ասում է՝ դեռ շատ անելիքներ ունի. «Ես դեռ կենսունակ եմ և ուզում եմ ապրել իմ թոռների մի հատ ծոռ ունեմ, թոռներ շատ ունեմ։ Այո, էլի կունենամ, էլի լավ կլինի»։

Տղամարդն ապագայի հանդեպ հույսով է լցված։ Հարցազրույցը պոետիկ ժանրով է ավարտում՝ հույսը երբեք չի մահանում. «Անթև թռչուն է հույսը, որ թառել է հոգուդ վրա և երգում է անձայն, երգում անվերջ և անընդմեջ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG