Նախարարների միջին ամսական եկամուտները, աշխատավարձն ու պարբերաբար դրանց ավելացող պարգևավճարներն ավելի քան 40 անգամ գերազանցում են 100 հազարավոր կենսաթոշակառուների միջին կենսաթոշակը և մոտ 7,5 անգամ միջին աշխատավարձը։
Բարձրաստիճան պաշտոնյաները հարկատուների գրպանից իրենց բանկային հաշիվներին փոխանցված միլիոնների արդյունավետությունն այսպես են արդարացնում. «Մենք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին և պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»։
Մինչ այդ «Ազատությունը» հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների եկամուտները համեմատել է մի շարք այլ երկրների տվյալների հետ ու պարզել՝ կայացած ժողովրդավարական երկրներում այս տարբերությունը զգալի ավելի փոքր է։
Հայաստանյան վիճակագրության մասին
Նախարարների զուտ աշխատավարձը ներկայիս կարգավորումներով մոտ մեկ միլիոն դրամ է։ Տարիներ շարունակ պարգևավճարներն ըստ էության որպես աշխատավարձի ավելացում են ներկայացրել։ Նախարարների խոսքով՝ իրենք անցած տարվա առաջին կիսամյակի համար, ըստ կատարողականի, հարկերը հանած աշխատավարձից բացի 6-7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։
Նրանց ստացած եկամուտների մասին ստույգ տեղեկատվություն չի հրապարակվել։ Հստակ չափն իմանալու համար պետք է սպասել պաշտոնական հայտարարագրերին։
Այժմ, սակայն, կարելի է մոտավոր հաշվարկ անել հենց իրենց հայտարարությունները հիմք ընդունելով։ Միջինը 6.5 միլիոն դրամ մաքուր պարգևավճար ստանալու համար նրանց բյուջեից ավելի քան 8 միլիոն դրամ են տրամադրել, և սա միայն տարվա առաջին կեսի համար։ Եթե նույնքան նաև երկրորդ կեսի համար նախատեսեն, կստացվի տարեկան 16 միլիոն դրամ միայն մեկ նախարարի պարգևավճարին։ Հիմնական աշխատավարձն էլ, եթե հավելենք, տարվա կտրվածքով նախարարի եկամուտը կկազմի շուրջ 28 միլիոն դրամ, ամսական 2 միլիոն 300 հազար դրամ կամ 6 հազար դոլար, ինչը մոտ 47 անգամ գերազանցում է 49 հազար դրամ միջին կենսաթոշակը և շուրջ 7,5 անգամ 309 հազար դրամ կազմող միջին աշխատավարձը։
«Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ», - ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այս չափ խառը հաշվարկների կարիք չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունները Շվեդիայի կառավարության օրինակին հետևելով պաշտոնապես հրապարակեին բարձրաստիճանների աշխատավարձերը։ Այստեղ պաշտոնական կայքում հստակ արձանագրված է՝ նախարարները ամսական մոտ 17000 դոլար են ստանում, ինչը ոչ թե 47, այլ 7.5 անգամ է գերազանցում շվեդների ավելի քան 2200 դոլար կենսաթոշակը և 3.3 անգամ միջին աշխատավարձը, որը կազմում է 55 հազար 100 դոլար։
«Խիզախ քայլ է այս քայլը անելը, ինչի՞, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, կանխիկ ինչ-որ մեկը գար ինչ-որ մարդկանց փողը բաժաներ։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի», - ասաց ֆինանանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ֆինանանսների նախարարը ճոխ պարգևավճարների մասին խոսելիս հայտարարեց՝ դեռ պետք է հասկանալ, թե ընդհանրապես որքան աշխատավարձ պետք է ստանան բարձրաստիճան պաշտոնյաները։
Արտասահմանյան վիճակագրության մասին
Կառավարությունը, եթե եվրոպական փորձն ուսումնասիրի, կպարզի, որ օրինակ՝ Ֆրանսիայում նախարարներն ամսական մոտ 13000 դոլար են վաստակում, ինչը 1900 դոլարի հասնող միջին կենսաթոշակը գերազանցում է 6.8 անգամ, 4400 դոլար միջին աշխատավարձից էլ բարձր է երեք անգամ։ Հայաստանում մինչդեռ բարձրաստիճանների ու աշխատողների եկամուտների տարբերությունը, պարգևավճարները ներառած, 8,5 անգամ է:
«Մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա չզայրանա սրանից էլի, որովհետև սրա մասին են խոսում.... օրինակ՝ ես խոսեցի նրա մասին, որ մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել», - նշեց նախարարը։
Գերմանիայում նախարարների աշխատավարձի ու միջին կենսաթոշակի տարբերությունը 11,5 անգամ է։ Միջին աշխատավարձը փոքր էր 4.8 անգամ։ Ատլանտյանից այն կողմ Միացյալ Նահանգներում դեպարտամենտների քարտուղարները միջին կենսաթոշակից 10.1 անգամ են ավելի շատ վարձատրվում, միջին աշխատավարձի համեմատ՝ չորս անգամ ավելի շատ։
Ճապոնիայում նախարարների ու միջին կենսաթոշակի տարբերությունը 12-ի է հասնում։ Կառավարության անդամները միջին աշխատավարձից 4.6 անգամ ավելին են ստանում։ Այս երկրում նախարարների աշխատավարձը 12000 դոլարի է հասնում։ Վարչապետ Սանաե Տակայիչին անցած տարեվերջին հայտարարեց իր ու ենթակաների աշխատավարձը կրճատելու մասին։
«Ազատության» ուսումնասիրած երկրների շարքում միայն մեկ պետություն կա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների եկամուտների բևեռացումը ավելի խորն է, և այդ երկիրն ամենևին էլ ժողովրդավարական չէ։
Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանի իշխանությունները չեն հրապարակում, թե կառավարության անդամները որքան աշխատավարձ են ստանում։ Լրագրողները հենվում են մինչ այդ հրապարակված բաց տվյալների վրա։ 2023-ին իրականացված մի ուսումնասիրությամբ, օրինակ, հետաքննող լրագրողները պարզել են, որ Ռուսաստանի պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամսական ավելի քան 20000 դոլար աշխատավարձ են ստանում։
Ռուս պաշտոնյաների այս եկամուտներն ամենահամեստ հաշվարկներով ավելի քան 60 անգամ գերազանցում են ռուսաստանցիների 330 դոլար միջին կենսաթոշակը և ավելի քան 14 անգամ՝ մոտ 1400 դոլար կազմող միջին աշխատավարձը:
«Ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, նայել ենք, տեսել ենք, թե ով որտեղ որքան աշխատավարձ են ստանում, բնականաբար այն երկրների մասին է խոսքը, ում որ մենք ուզում ենք նմանվենք», - ասաց Վահե Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարը սակայն չհստակեցրեց, թե որ երկրների փորձն են հաշվի առել պարգևավճարները հաշվարկելիս։
Տարեվերջին ճոխ պարգևավճարներ պատգամավորներն էլ ստացան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե Հայաստանում պատգամավորները պետք է շուրջ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանան, անկախ հանգամանքից, թե այդ գումարն ինչ եղանակով կփոխանցվի։
Մեկ միլիոն դրամն էլ միջին կենսաթոշակը գերազանցում է 20 անգամ, միջին աշխատավարձը՝ 3,2 անգամ։ Պատգամավորների պարագայում նույնպես համեմատությունը Հայաստանի օգտին չէ։