Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով, ԱԺ-ում հանձնաժողովի նիստին հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ այդ մասին ավելի վաղ չեն հայտարարել, քանի որ «շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել»:
Այսօր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի 24-րդ օրն է:
Միրզոյանն արդեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանը շահագրգռված է ՀՀ շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ:
«Եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ մենք ցավում ենք, և իր հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն են մեր բարեկամները: Մենք կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի նաև իրենց մոտ», - շեշտեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգները չի ճանաչում: Նախագահ Դոնալդ Թրամփը մինչև ընտրությունն էր զգուշացրել, որ սպանված Ալի Խամենեիին չի կարող փոխարինել նրա որդին, իսկ Իսրայելը սպառնացել է թիրախավորել նաև Մոջթաբա Խամենեիին:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», - գրել էր վարչապետն իր ուղերձում:
Մարտի 9-ին՝ պատերազմի մեկնարկից ի վեր Անվտանգության խորհրդի երրորդ նիստն էր գումարվել: